Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյանը՝ նախկին նախագահներին. «Որտե՞ղ էիք դուք, հարգելի նախագահներ, ապրիլյան պատերազմի ժամանակ, եթե այդքան մտահոգված եք Արցախի ճակատագրով»

Օգոստոս 15,2018 18:45

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջերս, մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման հետ կապված, ակտիվացել են որոշ սադրիչներ, ովքեր ցանկանում են մարտի 1-ի գործը ներկայացնել որպես ղարաբաղցիների դեմ գործընթաց: Որոշ ծառայությունների աշխատողների նման պահվածքը ինձ վրդովվեցնում է:

Ուզում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում և կողմնակից են նման տհաճ քաղաքականության: Ի՞նչ կապ ունեն մարտի 1-ի դեպքերի քննությունը և Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը Ղարաբաղի հետ: Արդյո՞ք արդարության վերականգնումը և սեփական ժողովրդին գնդակահարած մեղավորներին արդարացիորեն պատժելը գործընթաց է Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ես անհապաղ պահանջում եմ բոլորին դադարեցնել մարտի 1-ի դեպքերի քննության հետ կապված ամեն տեսակ շահարկումները: Հատուկ նշեմ, որ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, եռամիասնությունը: Ավելին, ես համոզված եմ, որ նա ձգտում է վերջ տալ տասնամյակներով արմատավորված ղարաբաղցի, ախպար, հայաստանցի հասկացություններին: Նա վեհ եւ աննախադեպ մարտահրավերի դիմեց՝ ուղարկելով որդուն ծառայելու Արցախում: Ի տարբերության նախորդ ղեկավարների, ում որդիները և փեսաները չեն ծառայել Արցախում, Հայաստանի վարչապետը ապացուցեց, որ նա ավելի շատ արցախցի է, քան նրանք, ովքեր փորձում են ղարաբաղյան քարտեզի վրա վերականգնել իրենց կորցրած դիրքերը և ռեւանշ իրականացնել:

Որտե՞ղ էիք դուք, հարգելի նախագահներ, ապրիլյան պատերազմի ժամանակ, եթե այդքան մտահոգված եք Արցախի ճակատագրով և վրդովված Ձեր իսկ ստեղծած արհեստական խնդրով՝ արցախցի, հայաստանցի: Չեմ ուզում ավելի մանրամասն բացել փակագծերը, որպեսզի Ձեզ չխայտառակեմ սեփական ժողովրդի առաջ: Թե՞ կարծում եք, որ 30-50 հազար ԱՄՆ դոլարի չափով Ձեր չնչին նվիրատվությունները փոխհատուցում են Ձեր անտարբերությունն ու հանցավոր անփութությունը հայ ազգի դեգրադացման գործում:

Բավական է տեռորի ենթարկել մեր ժողովրդի հասարակական անդորրը: Հասկացեք վերջապես մի բան, որ այսօր ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը, միասնական են: Մենք միասնական կամքով աջակցում ենք Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանին վերադարձնելու մեր ժողովրդին քաղաքակիրթ միջազգային փոխհարաբերությունների դաշտ, որտեղից դուք նրանց դուրս եք նետել:

Ես կոչ եմ անում բոլորին, ամբողջ հայ ժողովրդին մեկ անգամ ևս համախմբվել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, Բակո Սահակյանի և նրա կառավարության, մեր Մեծ Սփյուռքի շուրջը և ցույց տալ ամբողջ աշխարհին մեր պատրաստակամությունը պաշտպանել հայերի իդեալներին՝ կառուցելով արդար և բարգավաճ պետություն: Կեցցե միասնական հայ ժողովուրդը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031