2018թ երկրորդ քառորդի ընթացքում գրանցվել է Վրաստան օտարերկրյա այցելուների 2 մլն այց, ինչը 12.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ 2018թ երկրորդ քառորդի ընթացքում Վրաստան է մտել ավելի քան 1.3 մլն այցելու: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:
Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում Վրաստան այցելած զբոսաշրջիկների տարիքը տատանվում է 31-50-ի միջակայքում:
Ըստ վիճակագրության՝ Վրաստան մուտք գործողների 66%-ը զբոսաշրջիկներ են, այսինքն՝ այցելուներ, որոնք Վրաստանում մնացել են գիշերակացով: Եվ միայն ընդհանուր թվից 28.3%-ը էքսկուրսանտներ են, այսինքն` այցելուներ, որոնք գիշերը չեն մնացել Վրաստանում: Մնացած 5,7%-ի մեջ մտնում են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ էքսկուրսանտներ:
Ամենաշատ այցելուները ՌԴ քաղաքացիներ են՝ ընդհանուր թվի 19 տոկոսը: Երկրորդ եւ երրորդ տեղերում Ադրբեջանից ու Թուրքիայից զբոսաշրջիկներն են:
«Սաքստատ»-ի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում այցելուներն ավելի շատ գումար ծախսել են սննդի վրա՝ ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դոլար: Դրանից մի փոքր ավելի քիչ՝ մոտ 163 մլն դոլար ծախսվել է կացարանների վրա:
Վրաստանի այցելուներն առավել քիչ գումար ծախսել են թանկարժեք զարդերի վրա՝ ընդամենը մոտ 2.3 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա երկրորդ քառորդում զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են մոտ 777 մլն դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Յօդուածի վերջում դարձաւ 777 միլիարդ: Մի քիչ շատ չի՞ 🙂 ՄԻԼԻՈՆ կը լինի:
Ամէն դէպքում տպաւորիչ ցուցանիշներ են: Եւ սա այն դէպքում, որ Ռուսաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունեն:
Շնորհակալություն, ուղղեցինք: