Որևէ խայտառակ գործողություն որևէ մեկի կողմից հանձն չի առնվել, ամեն մեկը կատարել է պաշտոնից բխող պարտականությունները:
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով հուլիսի 13-ին Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանն ու դրա հարակից շինություններում, Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ընկերությունում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկություններին:
Ա. Մոսիյանը նշեց, որ որևէ արտառոց բան չի կատարվել և Արցախի դատախազությունը իր գործառույթը կատարել է ամբողջությամբ՝ օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում: «Արթուր Աղաբեկյանը ինձ և ազգային անվտանգության ծառայության պետին գրված դիմումի մեջ պարզապես խնդրել է միջնորդել, որպեսզի հատուկ քննչական ծառայությունը ներողություն խնդրի իրենից՝ հաշվի առնելով, տեղի ունեցած սխալմունքը և վերականգնելով իր բարի համբավը: Նաև նշեն, որ մեզ ուղղված դիմումը և դիմումի այն տարբերակը, որը շրջանառվում է մամուլում՝ տարբեր են»,- հայտնեց Արցախի գլխավոր դատախազը:
Ըստ Ա. Մոսիյանի Հայաստանի և Արցախի դատախազությունների միջև գոյություն ունի համաձայնագիր՝ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին:
«ՀՀ գլխավոր դատախազությունը, համաձայնագրի շրջանակներում, դիմել է մեզ՝ խնդրելով ապահովել քննչական հանձնարարության պահանջը, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնարարվել Ազգային անվտանգության ծառայությանը և իրականացվել է խուզարկությունը»,- շեշտել է Ա. Մոսիյանը:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում Արթուր Աղաբեկյանը գրառում էր արել՝ նշելով, որ գրավոր դիմել է Արցախի գլխավոր դատախազին եւ ազգային անվտանգության ծառայությանը՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ