Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե կարկտից կես ժամ հետո գայինք, քո կյանքում ի՞նչը կփոխվեր». գյուղնախարարը՝ վիճաբանող ֆերմերին

Օգոստոս 15,2018 16:53

Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզի Ազատան գյուղում էր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Այս գյուղում օգոստոսի 8-ին՝ ժամը 20.30-21.00 սահմաններում տեղացած կարկուտը, որի չափերը 45-50 միլիմետր էր, վնասել էր գյուղացիներից մեկի գլուխը, ջարդել մեքենաները: Կարկուտը, ըստ կատարած հաշվարկների, 486 հեկտար կարտոֆիլի, 7-8 հեկտար եգիպտացորենի դաշտ էր վնասել, ամբողջապես ոչնչացրել էր հացահատիկի դաշտը, որը, բարեբախտաբար, ամենաքիչն է եղել՝ 3 հեկտար: Ոչնչացվել են նաև գյուղացիների տնամերձ հատվածներում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները: Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանի հաշվարկներով՝ կարկուտը մոտ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին:

Գևորգ Աբրահամյանն այսօր նախարարի այցի ժամանակ բավական զայրացած խոսեց՝ նեղվելով, որ Ազատանում կարկուտ է տեղում, մարզպետարանից ուշացած են արձագանքում, իսկ գյուղնախարարության թեժ գծից ասում են, թե տեղյակ չենք, որ Ազատանում կարկտահարություն է եղել:

«Պետք է նախարա՞րը գա, որ այդ հարցերը լուծի, մարզպետարանից ստացել ենք գնահատականը: Այդ ամենը հաշվարկվում է, հետո ելնելով նրանից, թե պետական հնարավորություններն ինչքան են, փոխհատուցում է տրվում»,- ասաց նախարարը:

Ֆերմերը սակայն շարունակեց. «Էդ ինչպե՞ս է, որ Արմավիրում կարկուտ է լինում, հաջորդ օրը կառավարության անդամները, գյուղնախարարն այնտեղ է»:

«Արմավիրի կրած վնասը համեմատե՞լ եք ձեր կրած վնասի հետ»,- հարցրեց գյուղնախարարը: Գևորգ Աբրահամյանը, սակայն, հակադարձեց, որ ամենամեծ վնասը ինքն է կրել, վնասվել են ոչ միայն իր դաշտերը, այլ մեքենաները:

Նա նաև նեղսրտեց, որ կարկտահարությունից տաս օր է անցել, նոր են եկել: «Հո մարզպետարանը Ազատանից 150 կիլոմետր հեռավորության վրա չէր գտնվում, որ երկրորդ օրը նոր գային տուժած գյուղ», -մարզպետին կշտամբեց ֆերմերը:

Մարզպետ Կարեն Սարուխանյանն ասաց, որ տվյալները ժամանակին փոխանցել են գյուղնախարարությանը, սակայն ֆերմերը հակադարձեց, թե վստահ չէ: «Ի՞նչ է նշանակում վստահ չենք, մարզպետարանից ժամանակին գնահատումը ստացել ենք, եթե դուք հակառակ փաստն ունեք, եկեք պնդեք, կա հանձնաժողով, որն ուսումնասիրել է»- ասաց Արթուր Խաչատրյանը: «Հակառակ փաստն այն է, որ ոչ մեկն էլ տեղյակ չէր, որ կարկուտ է տեղացել, այնպես չէ, որ օդի միջից բան եմ ասում»,-շարունակեց բանավիճել ֆերմերը:

Մարզպետը ևս փորձեց արդարանալ՝ ասելով, որ հենց այդ պահին անհնար է գնահատել վնասի չափը, սակայն ֆերմերը շարունակում էր հարցախեղդ անել, հակադարձել:

Գյուղնախարարը, տեսնելով, որ բանավեճը շարունակվում է, հարցրեց. «Եթե կարկտից կես ժամ հետո մարզպետը, նախարարը ու վարչապետը միասին գայինք, քո կյանքում ի՞նչ էր փոխվելու»: «Ժողովուրդը գոնե կզգար, որ իր կողքը մարդ է կանգնած, կառավարությունը փոխվեց, հեղափոխություն եղավ, ժողովուրդը մտածեց, որ գոնե 20 տարի հետո ինչ-որ բան փոխվեց, բայց իմ կարծիքով ու շատերի կարծիքով՝ հեչ բան էլ չի փոխվել»:

Նախարարն ասաց, որ այս անգամ քննարկում են վնասի փոխհատուցումը գումարի տեսքով տալու հարցը:

Գյուղացիներից մեկը նախարարին խնդրեց մտածել բանկային պարտավորությունները մեղմելու մասին, այլապես գյուղատնտեսության վրա մեծ գումար ներդրած ու դրա դիմաց ոչինչ չստացած անձը հաստատ կթողնի ու կարտագաղթի: Խոսվեց նաև ապահովագրական համակարգ ներդնելու մասին. գյուղնախարարն ասաց, որ փորձնական ներդրվելու են Արարատի, Արմավիր ու Շիրակի մարզերում:

Գյուղնախարարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ողջ հանրապետությունում այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ վեց ու կես միլիարդ դրամ, անցած տարի եղել է 12 միլիարդ դրամ, նախանցած տարի՝ 33 միլիարդ դրամ: Ըստ գյուղնախարարի, կգնահատեն վնասի ծավալները և աջակցություն կցուցաբերեն: «Նախարարության տեսակետն այն է, որ մարդը վնաս է կրել, փոխհատուցվի կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններ իր փոխարեն մենք կատարենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Բանկային պարտավորությունները մեղմելու հետ կապված էլ նախարարն ասաց, որ պիտի քննարկեն, հասկանան, քանի որ բանկերը իրենք էլ փող են առնում, վաճառում են:

Նախարարը նաև մանրամասնեց, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր կներդրվի երեք մարզերում. Արմավիրում ապահովագրվող բերքը խաղողն ու պտուղը կլինեն, Շիրակում հացահատիկն ու կարտոֆիլը, ապահովագրելու են ցրտահարությունից և կարկտահարությունից:

«Եթե համակարգը գործի, պարզ է, որ մարդիկ իրենց վնասը, փոխհատուցումը կստանան»,- ասաց Արթուր Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ այն պարտադիր չէ, պետությունը գումար է հատկացրել նաև ապահովագրական պոլիսների սուբսիդավորման համար. մի մասը պետությունն է ապահովագրելու, մյուս մասն էլ՝ շահառուն:

Ըստ Արթուր Խաչատրյանի, այս համակարգը բոլոր զարգացած երկրների համար գործում է, և այն լրացուցիչ խթան կլինի գյուղատնտեսության մեջ կատարելիք ներդրումների համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031