Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վազգեն Պետրոսյան. «Թույլ չեմ տա՝ ճանապարհաշինության տեմպերն արագացնելու անվան տակ որակն ընկնի»

Օգոստոս 15,2018 16:44

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը հանրության ուշադրության կենտրոնում է։ Ու դա պատահական չէ, քանի որ այն անկախ Հայաստանի թերևս ամենախոշոր ծրագրերից մեկն է։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի հետ զրուցում ենք Հյուսիս-հարավի ռազմավարական նշանակության, շինարարության որակի և այլ թեմաների մասին։

 

-Պարոն Պետրոսյան, Հյուսիս-հարավ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի, ընդ որում, ոչ միայն Հայաստանի համար, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ի՞նչ արդյունք կապահովի Հայաստանին և ի՞նչ կարող է առաջարկել աշխարհին։

-Հայաստանի անկախությունից հետո շատ է խոսվել մեր երկրի տարանցիկ լինելու և Հյուսիս-Հարավն ու Արևելք-Արևմուտքն իրար միացնող դիրքի մասին, բայց դա իրականություն դարձնելու համար հարկավոր է լուրջ դիվանագիտական աշխատանք: Մեր բախտը բերել է, որ այսօր աշխարհի խոշոր պետությունները, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանն ու նաև Եվրոպան մտածում են մեր մասին և այնպես են ուզում անել, որ տարածաշրջանում մեր դիրքերը չթուլանան: Այս ճանապարհը կարող է այն հանգույցներից մեկը լինել, որը տարածաշրջանային քաղաքականություն կփոխի մեծ երկրների մոտ: Քաղաքականություն ասելով՝ նկատի ունեմ հարաբերություններ բոլոր ոլորտներում, իսկ այդ հարաբերությունները ստեղծողը մայրուղիներն են: Հյուսիս-հարավ ծրագիրը պետք է հանգամանորեն վերլուծվի մեր քաղաքական ընտրանու կողմից և նրա դերի ու նշանակության մասին հստակ գնահատական տրվի, որից հետո հասարակությունը կդադարի տեղի-անտեղի գնահատականներ տալ նախագծին: Մենք՝ որպես պետություն, պետք է հասկանանք, որ այս ծրագիրը մեզ համար, բացի ռազմաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունենալուց, նաև հեղինակության հարց է: Շուտով կբոլորենք մեր երրորդ հանրապետության 27-րդ տարեդարձը, բայց դեռ ոչ մի լուրջ ծրագիր կյանքի չենք կոչել։ Հյուսիս-հարավ ճանապարհը հնարավորություն է տալու հանրապետությանը, բացի հանքարդյունաբերությունից, զարգացնել նաև զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները, տարանցիկությունը և ամենակարևորը՝ ապահովել մեր հարաբերական անկախությունն ու անվտանգությունը:

-Հյուսիս-հարավ նախագիծը բավականին ծախսատար է։ Հետաքրքիր է, տնտեսական հաշվարկն արդյո՞ք մեր երկրի համար խոստանում է համարժեք տնտեսական փոխհատուցում։

-Ծրագիրը կարող է դառնալ և՛ քաղաքական, և՛ տնտեսական լուրջ խաղաքարտ մեր երկրի համար: Չմոռանանք, որ այսօր  Միջին Արևելքի երկրների հազարավոր բեռնափոխադրողներ ստիպված իրենց փոխադրումն իրականացնում են մեր հարևան Թուրքիայի տարածքով, որտեղ ամեն օրը լի է անակնկալներով ու անկանխատեսելի միջադեպերով: Բացի այդ, այն տարածքները, որտեղով անցնում են բեռները, հիմնականում գտնվում են քրդերի ու Թուրքիայի բանակի կրակադաշտերի ներքո, իսկ Հայաստանը կարող է անվտանգ ու վստահելի միջանցք հանդիսանալ այդ բեռնափոխադրումների համար: Մենք՝ որպես պետություն, որքան ուշ կողմնորոշվենք, այդքան շուտ կկորցնենք այս հնարավորությունները, քանի որ պետությունները չեն սպասելու մեր կողմնորոշմանը, իրենք իրենց տնտեսական շահը պետք է ապահովեն: Դրանից բացի, այն հատվածները, որտեղով անցնում է այս ճանապարհը, կարող են ավելի մեծ և ընդարձակ մեկ այլ քաղաքական ծրագրի մաս կազմել, որը սրանից մի քանի տարի առաջ կյանքի կոչեց Չինաստանի կառավարությունը: Այն կոչվում է «Մեկ ճանապարհ, մեկ միջանցք»: Համաձայն այս ծրագրի, որն իրականում «Մետաքսի ճանապարհին» փոխարինող է դարձել, Չինաստանից մինչև Եվրոպա նոր և անվտանգ միջանցք պետք է կառուցվի, որտեղ շատ կարևոր են ճանապարհները, երկաթգիծն ու ենթակառուցվածքները: Չինաստանի կառավարությունն այս քաղաքական ծրագրի իրականացման համար հայտարարել է մինչև 100 միլիարդ դոլարի ներդրման մասին: Հիմա մենք արդյոք հնարավորություն ունե՞նք այդ գումարի մի մասը բերել մեր երկիր ու ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ծրագիրը և դրա կողքին կյանքի կոչել կենսական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան երկաթգիծը։ Այս մասին պետք է մտածել։

-Դուք վերջերս եք նշանակվել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հարցում, դրանցից ո՞ր հարցերը պետք է լինեն առաջնային և  հրատապ լուծում ստանան։

-Մի շարք հարցեր կան, որոնց մասին ի սկզբանե հստակ ու համալիր փորձաքննություն չի անցկացվել, ինչի հետևանքով ծրագրում առաջացել են արգելքներ: Դրանց թվում են նախագծային, ցեմենտի և խճի քիմիական փորձաքննությունները։ Հիմա մենք փորձում ենք այդ բոլոր խնդիրներին համալիր լուծում տալ։

Բազմաթիվ քննադատություններ են հնչում նախագծի մասին։ Դուք՝ որպես Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ղեկավար, կարո՞ղ եք երաշխավորել, որ շինարարական աշխատանքները կկատարվեն որակով, և կարագացվեն շինաշխատանքների տեմպերը։

-Ձեր այս հարցին կարող եմ մեջբերել ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ նոր կառավարության ղեկավարման ժամանակահատվածում վատ որակի ճանապարհներ չպետք է կառուցվեն: Ի հավելումն այս հայտարարության նշեմ՝ այս կառույցը ղեկավարելու ընթացքում թույլ չեմ տա՝ ճանապարհաշինության տեմպերն արագացնելու անվան տակ որակն ընկնի: Կարծում եմ՝ և՛ շինարարները, և՛ միջազգային ինժեներական կազմի մեր գործընկերները, նաև մեր տեղացի մասնագետներն այդքան ներուժ ունեն, որ միասին կարողանանք որակով ժառանգություն ստեղծել ու թողնել մեր ապագա սերնդին:

 

Զրուցեց Արփի Գաբրիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031