Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի տնօրեն. «Խոսակցություններ կան, որ անգամ 50 տարով պայմանագրեր են կնքվել»

Օգոստոս 15,2018 16:13

«2017թ., երբ ստանձնեցի այս պաշտոնը, առաջին օրվանից բարձրաձայնել եմ այն հարցի մասին, որ ամբողջ կինոֆոնդը, կինոժառանգությունը պետք է վերադարձնել իր իսկական իրավատիրոջը` Հայաստանի ազգային կինոկենտրոնին»,- օգոստոսի 15-ին կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Երբ 2006 թ. ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հենց կառավարության որոշմամբ դարձավ նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը, որն ունի 95 տարվա պատմություն: Այս տարի նշվում է մեր հայկական կինոյի 95-ամյակը եւ վերջապես այդ ամբողջ ոսկե ֆոնդը վերադարձավ Հայաստանի ազգային կինոկենտրոնին»,-հավելեց կինոկենտրոնի տնօրենը:

Նա նշեց, որ սկզբում իրենց աշխատանքները դժվարանում էին, քանի որ պայմանագիր էր կնքված նախկին «Հայֆիլմ» ՓԲԸ-ի հետ: Տիկին Միրզախանյանի ձեւակերպմամբ, վերջինս չէր պահպանում ֆիլմերի հեղինակային իրավունքի հարցը:

Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց նաեւ, որ 2018-ի հունիսին նամակ է ուղղել մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին` ներկայացնելով ֆոնդի վերաբերյալ ողջ պատմությունը: «Արագ գնահատական տրվեց հարցին, եւ մենք կարողացանք պայմանագիր կնքել նախարարության հետ, ու Հայաստանի ամբողջ կինոյի ժառանգությունը տրվեց մեզ»,-ասաց բանախոսը:

Մանրամասները` տեսանյութում:

Նա ներկայացրեց նաեւ հայկական կինոժառանգության ֆիլմերի վերականգնման համալիր ծրագիրը, որն իրականացվում է լեհական FIXAFILM ընկերության հետ համատեղ։ Խոսվեց ֆիլմերի հետագա պահպանության, տարածման ծրագրերի, որոշ վիճելի խնդիրների մասին։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեծ աշխատանք ունի տանելու` նախ պարզելու համար, թե ինչ պայմանագրեր են կնքվել մինչ օրս, քանի որ խոսակցություններ կան, որ նույնիսկ 50 տարով պայմանագրեր կան կնքված ինչ-որ կազմակերպությունների հետ: Հիմա մեծ աշխատանք ենք սկսել` պարզելու իրավական դաշտը, որպեսզի հասկանանք, թե ինչն ում է տրված, ինչ ձեւով…Արդեն սկսել ենք այդ հարցերը բարձրաձայնել»,-հայտնեց տիկին Միրզախանյանը

Մանրամասները` տեսանյութում:

Կինոկենտրոնի տնօրենը խոսեց ոչ միայն հեղինակային իրավունքների խախտումից, այլեւ ֆիլմերի թվայնացման որակից, ապա անդրադարձավ անգլիացի պրոդյուսեր Դենիել Բերդի հետ համագործակցությանը: Վերջինս ներկայացնում է «Կինոկլասիկա» հիմնադրամը: Տիկին Միրզախանյանի հավաստմամբ, կինոկենտրոնն ու բրիտանացի պրոդյուսերը կհամագործակցեն առայժմ մինչեւ 2024թ տեւող ծրագրի շուրջ, որի նպատակն է հայկական կինոյի հարուստ ժառանգության վերականգնումը, պահպանումը եւ հանրայնացումը: Համագործակցության մեկնարկը տրվել է Փարաջանովի 10 րոպեանոց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմով: Բոլոր ֆիլմերը թվայնացվելու են Լեհաստանում` FILMAFIX ընկերության կողմից: Ողջ ծախսային մասը հոգալու է հիմնադրամը: Կինոկենտրոնի տնօրենը հավաստիացրեց, որ լեհական ընկերությունը մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ է մոտենում գործին:

Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ հետագայում նմանօրինակ լաբորատորիա կստեղծվի նաեւ Հայաստանում, ու մեր երկրում եւս կկարողանան բարձր որակով թվայնացնել ֆիլմերը, կպատրաստվեն համապատասխան մասնագետներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031