Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեզրկե՞լ, թե՞ չարժեզրկել դրամը

Օգոստոս 15,2018 15:28

Թուրքական լիրայի, ռուսական ռուբլու եւ Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկումը հայաստանյան գործարարների շրջանում անհանգստություններ է առաջացրել: Նրանք մտահոգություն ունեն, որ վերջին մեկ ամսում նշյալ պետությունների ազգային արժույթների կտրուկ արժեզրկումը մեր երկրի արտադրողներին լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի:

Գործարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Կենտրոնական բանկին առաջարկելով արժեզրկել դրամի կուրսը՝ հայաստանցի արտադրողներին «ապրելու շանս տալու համար»։ Վահան Քերոբյանի համոզմամբ, այսօր 1 դոլարն ամենաքիչը պետք է արժենա 600 դրամ՝ ներկայիս 481-482 դրամի փոխարեն:

Այլ գործարարներ, բիզնեսի հետ առնչություն ունեցող որոշ ներկայացուցիչներ նույնպես այդպիսի կարծիքներ են հայտնել: Նրանց ներկայացմամբ էլ, եթե պետությունը միջոցներ չձեռնարկի եւ դրամի կուրսը չարժեզրկի, արտահանմամբ զբաղվող գործարարները դրսում մի շարք պայմանագրեր կկորցնեն:

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի կարծիքով, թանկ դոլարը նպաստում է արտահանմանը, բայց դրան զուգահեռ կարող են լինել նաեւ բացասական հետեւանքներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել:

Դրամի արժեզրկել-չարժեզրկելու մասին քննարկումները մտահոգություններ են առաջացրել նաեւ դոլարային բիզնես վարկ կամ հիփոթեք ունեցող քաղաքացիների շրջանում, որոնց խոսքերով, դոլարի թանկացման պարագայում շատ-շատերը կկանգնեն փաստի առաջ, քանի որ վարկային բեռը կավելանա:

Արժեզրկե՞լ, թե՞ չարժեզրկել դրամը՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան, տնտեսագետ, փորձագետ Թաթուլ Մանասերյանը վստահեցնում է, որ հիմա այն պահը չէ, որ պետք է խոսենք դրամի արժեզրկման մասին. «Մեր առաջին խնդիրն այսօր մրցունակության բարձրացումն է, դրա հետ մեկտեղ տնտեսական սպառնալիքների վերացումը կամ, գոնե կրճատումը: Եթե մենք հասնում ենք այն մակարդակի, որ ունենում ենք տնտեսապես անվտանգ տնտեսություն, սպառնալիքներից զերծ կամ ավելի նվազ սպառնալիքներով տնտեսություն՝ կարողանում ենք լուծել պարենային անվտանգության խնդիրը, էներգետիկ անվտանգության, ներդրումային անվտանգության եւ այլ խնդիրներ, եւ եթե կարողանում ենք ստեղծել մրցունակ ապրանք, որը ոչ միայն կարող ենք սպառել երկրում, այլ նաեւ արտահանել, այս դեպքում բարոյապես իրավունք կունենանք խոսելու իբրեւ խոչընդոտ ազգային արժույթի բարձր մակարդակի մասին»:
Ըստ պարոն Մանասերյանի, եւ միայն այդ ժամանակ կարող ենք պրոֆեսիոնալ հաշվարկներ անել՝ ինչ շուկա ենք ուզում մուտք գործել եւ արդյոք այնտեղ թանկ կլինի հայկական դրամով մեր ապրանքների գները, թե բավարար կլինի:

«Այն մարդիկ, որոնք այսօր խոսում են մակարդակն իջեցնելու մասին, տնտեսագիտությունից կամ չունեն գիտելիքներ կամ միտումնավոր քաղաքականացնում են դա, որովհետեւ, մենք այսօր պետք է ունենանք ֆինանսական կայուն ֆոն»,-պարզաբանեց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքն առավել մանրամասն՝  տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031