Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է

Օգոստոս 15,2018 13:12

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեին տուժող-ոստիկանները, որոնք դեպքի օրը գտնվել են ՊՊԾ գնդում, սակայն ամբաստանյալների բացակայության պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվում է, եւ դեռ պարզ չէ՝ կհարցաքննվե՞ն նրանք:

Մասնավորապես, նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ Պավլիկ Մանուկյանն առողջական խնդիրների պատճառով չի բերվել դատարան, մյուս՝ կալանքի ներքո գտնվող մեղադրյալներին էլ ոստիկանները չեն ներկայացրել՝ ենթադրելով, որ Մանուկյանի բացակայության պատճառով նիստը կարող է հետաձգվել:

Պավլիկ Մանուկյանը, սակայն, փաստաբանի միջոցով գրություն էր ուղղել դատարանին՝ խնդրելով իր բացակայությամբ քննել իր ընկերների կալանքը փոխելու միջնորդությունները, որոնք եւս այսօր պետք է ներկայացվեն:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրությունը, որում ասվում է՝ Պավել Մանուկյանը չի կարող մասնակցել նիստին՝ առողջական վիճակով պայմանավորված:

«Նա հրազենային կոտրվածք ունի, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա եւ մի շարք այլ խնդիրներ: Նա թուլություն ունի, սրտխառնոց եւ սաստիկ գլխացավեր»,-ասված է գրության մեջ:

Շուտով դատարանը կքննարկի առանց Մանուկյանի ներկայության մյուս մեղադրյալների կալանքը փոխելու միջնորդությունները քննելու հարցը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Պավել Մանուկյանն ազատ չարձակվեց. դատարանը որոշակի հիմքերով պայմանավորված՝ մերժեց այդ միջնորդությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031