Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնության Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան Հովհաննես Մալաքյանին, նրա մարզիչ Ժիրայր Հովհաննիսյանին և ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանին:
Օրերս Հռոմում կայացած ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ժորա Հովհաննիսյանի սանը հաջորդաբար պարտության է մատնել Վրաստանի, Ադրբեջանի, Լեհաստանի, իսկ եզրափակիչում՝ Ուկրաինայի ներկայացուցիչներին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Հ. Մարգարյանը շնորհավորեց մարզիկին և նրա մարզչին փայլուն հաղթանակի և մարզի պատիվը բարձր պահելու համար՝ հանձնելով շնորհակալագրեր և դրամական պարգևներ: Նրանք իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ մարզիկներին աջակցելու և խրախուսելու համար:
Լոռու մարզպետարան