Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության պահապանները

Օգոստոս 15,2018 12:38

«Թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն, դրա նպատակները պետք է գերակա դառնան մեր պետականության համար, որպեսզի նախկին սատրապության շրջանին վերադարձ չլինի: Տարաձայնություններ չունենք, առաջիկայում, անկախ համագործակցության ձեւերից, անվերապահորեն պաշտպանելու ենք թավշյա հեղափոխության առաջնորդի նախաձեռնություններն ու գաղափարները: Իրեն պաշտպանելու ենք, որովհետեւ թավշյա հեղափոխության հաջողությունն այս օրերին կախված է Նիկոլ Փաշինյանի անձի եւ գործունեության հետ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության (ՀՔԺԿ) նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Մենք հստակ կանգնում ենք Հայաստանի ազգային անկախության եւ պետականության կերտման վրա»,- ասաց նա` համոզված, որ, այսպիսով` չորրորդ հանրապետություն ենք կառուցում, որը իրական Հայաստանի կերտման սկիզբն է:

Իրենք հույս ունեն, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն կունենան, իսկ իշխանամետ-ընդդիմադիր լինելը արդեն այդ ժամանակ կհստակեցնեն:

Նաեւ վստահ են, որ պետականության կյանքում կարեւոր դերակատարում են ունենալու: Կուսակցություն ստեղծելու խթանիչ հանգամանք է եղել այն, որ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը, որը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունել է, ըստ էության քրիստոնեա-ժողովրդավարական շարժում եւ կուսակցություն չի ունեցել: Իրենք ցանկանում են նպաստել Հայաստանում կուսակցական համակարգի կայացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում հիմնադրվել եւ մինչ օրս գործում է Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը`ՀՔԴՄ:

ՀՔԺՄ-ն աջ կենտրոնական ուժ է լինելու`ժողովրդական կուսակցություն է`ժողովրդավարական եւ քրիստոնեական սկզբունքների վրա`Էջմիածնի, եկեղեցու դավանանքի եւ փիլիսոփայության հիմքով: Այն, ըստ Լեւոն Շիրինյանի, կրոնական կազմակերպություն չի լինելու, պարզապես նրա անդամները պետք է դավանեն քրիստոնեական աշխարհայացքը`առաքելական եկեղեցու մեկնաբանությամբ, քանի որ քրիստոնեությունը սոցիալական դավանանքի եւ արդարության սկզբունքի վրա է եւ ունի կարեկցություն: Աթեիստների համար էլ իրենց դռները փակ չեն լինելու: Իրենք արմատների վերադարձի քաղաքականության կողմնակիցներ են. «Նոր իրողությունների լույսի տակ`գնալու ենք ավանդույթների վերականգնման»: Վստահ են, որ հաջողություն կունենան: Լինելու են պահպանողական-լիբերալներ: Ասում են`դրսից էլ, ներսից էլ մեծ համակրանք կա իրենց գաղափարների նկատմամբ:

Իրենց գործունեության սկզբունքները երկուսն են լինելու`քաղաքական կոնսենսուս բոլորի հետ եւ սոցիալական գործընկերություն, ինչը քաղաքական համերաշխություն կապահովի: Օլիգարխիայի ոչնչացման կուրսը պահպանելու են, կռիվ են տալու մշակույթի զարգացման համար. «Գնալու ենք մեր իրավունքների վերատիրացմանը»: Բայց Ցեղասպանությունը հիմնական խնդիրը չի լինելու: Պաշտպանելու-պահանջելու են Աստծուց ի սկզբանէ մեզ տրվածը` տարածքը, հայրենիքն ու պետությունը: Արցախի հարցում էլ ասում են, ոչ մի զիջում չի լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031