Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ «հրդեհի» օղակում. պահանջվում է կայունություն եւ Պլան Բ

Օգոստոս 15,2018 22:00
krak

Վերջին օրերի դրամատիկ զարգացումները տարածաշրջանում Հայաստանին թելադրում են գործի դնել արտաքին քաղաքականության ողջ զինանոցը

Ամենեւին էլ չափազանցություն չէ, որ Հայաստանի շուրջ ձեւավորվում են իրողություններ, որոնք համեմատելի են հրդեհի հետ, այն էլ՝ ուժգին քամու պայմաններում։ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, ըստ էության, թեւակոխում են լրջագույն ճգնաժամի շրջափուլ, եւ գոնե Ռուսաստանի եւ Թուրքիայի պարագայում կարող ենք պնդել, որ ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերություններում առկա է աննախադեպ ճգնաժամ։

Մոսկվայի վրա չափազանց թանկ նստեց Սկրիպալների թունավորումը Բրիտանիայում, եւ ԱՄՆ համապատասխան ծառայությունները համոզմունք հայտնեցին առ այն, որ նրանք դարձել են Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման զոհ, իսկ Վաշինգտոնը պատժամիջոցների նոր փաթեթ գործարկեց երկու փուլով։ Առաջին փուլն, ըստ ամենայնի, կսկսի գործել հենց այս ամսվանից, իսկ երկրորդը՝ նոյեմբերից։ Բացի դրանից, ԱՄՆ Սենատում երկկուսակցական օրինագիծ է շրջանառվում, որով Ռուսաստանը հայտարարվում է որպես «ահաբեկչության հովանավոր»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, այդ թվում՝ դոլարային համակարգից երկրի լիակատար անջատում, պետական բանկերի արգելափակում եւ այլն։
Այս տեղեկատվությունը բավարար էր, որպեսզի անցյալ շաբաթվա ընթացքում ողջ ռուսական շուկան ենթարկվի ցնցումների՝ ռուբլու կուրսը հատի երկամյա վաղեմության նվազագույն շեմը, ռուսական ընկերությունների դեկապիտալիզացիան տեղի ունենա երկնիշ տոկոսներով։

Եթե Ռուսաստանի պարագան զարմանալի չէ, ապա 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ, առայժմ ԵՄ անդամակցությանը ձգտող համարվող Թուրքիան թերեւս հատեց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կարմիր գիծը։ Թրամփի մեկ հաղորդագրությունը Թվիթերում առ այն, որ Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագները կկրկնապատկվեն՝ բավարար դարձավ, որպեսզի թուրքական արտարժույթը «թեթեւանար» երկնիշ տոկոսով։ Իսկ կիրակի օրը Էրդողանը սպառնաց «հրաժեշտ տալ դաշնակցին» եւ գտնել նորերին։
Իսկ Իրանի հետ կնքված պայմանագրի խզումից հետո ԱՄՆ-ը վերսկսեց պատժամիջոցների ռեժիմը՝ խոստանալով նոր փաթեթ, ինչը մեր բարեկամ պետությանը դնում է բավականին ծանր կացության առջեւ։

Երեք պետություններն էլ հայտարարում են ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմի մասին, երեքում էլ մոլեգնում է տնտեսական ճգնաժամն անկանխատեսելի ելքով։ Դրան գումարած, այս կամ այն չափով երեքն էլ անմիջականորեն ներգրավված են սիրիական ճգնաժամում՝ ունենալով անհաղթահարելի տարաձայնություններ, բայց եւ ունենալով մարտավարական, ժամանակավոր պայմանավորվածություններ եւ ձգտում՝ խորացնելու համագործակցությունը։

Փաստն այն է, որ Հայաստանը ոչ միայն չունի ոչ մի առիթ, ոչ մի պատճառ՝ կիսելու եռյակի թշնամական վերաբերմունքն Արեւմուտքի նկատմամբ, այլեւ ունի բազմաթիվ պատճառներ հակառակ վերաբերմունքի համար, դրա հիման վրա նոր հարաբերություններ կառուցելու համար։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը գրեթե չունի ժամանակ, եւ նոր իրողություններից, իսկ ըստ էության՝ արտակարգ իրավիճակից բխող քայլերը պետք է արվեն ե՛ւ ճշգրիտ, ե՛ւ արագ։

Իրավիճակը բարդանում է նաեւ մեր երկրի ներքաղաքական խնդիրներով՝ պայմանավորված գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով։
Բրիտանիայում գործող փորձագետ Լիլիթ Գեւորգյանի համոզմամբ, որը նա արտահայտել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը, բացարձակապես ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի ժողովրդական հեղափոխության կործանումը։ Մոսկվայի քայլերի եւ հայտարարությունների՝ նույնիսկ մակերեսային վերլուծությունը ժամանակագրության մակարդակով ցույց է տալիս, որ ռուսներն իրենց ցանկությունն իրականություն դարձնելու ճանապարհին խտրականություն չեն դնելու որեւէ միջոցների միջեւ։ Այո, իրականությունն այն է, որ հեղափոխությունը չի ունենում ընդդիմություն, հեղափոխությունն ունենում է թշնամիներ…

Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ցանկություն հայտնի «խորացնել եւ ընդլայնել» հարաբերությունները սեփական սխալների բեռի ծանրությունից եւ պատմական օրինաչափությունների բերումով փլուզվող պուտինյան կայսրության հետ՝ փորձելով մեղմել ռուսների ահագնացող հակազդեցությունը ներքին փոփոխություններին Հայաստանում, միեւնույն է՝ գալու է «իքս» պահը, երբ կանգնելու ենք փաստի առաջ՝ արձանագրելով, որ «չստացվեց»։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մեր ԱԳՆ-ն «պրոֆեսիոնալ» չէ, ինչպես հայտարարեց «պրոֆեսիոնալ» Լավրովը, որն իր «պրոֆեսիոնալիզմով»՝ իր «իմաստուն» շեֆի հետ միասին, ուղղակի խեղդամահ է անում սեփական երկիրը, այլ այն պատճառով, որ հայկական հեղափոխությունն ինքնին կենսական վտանգ է ներկայացնում ռուսական համակարգին, որտեղ կոռուպցիան, կրիմինալը եւ իշխանության անփոփոխելիությունն այն երեք «կետերն» են, որի վրա հիմնված է ներկայիս Ռուսաստանը, որի վրա հիմնված է «հայ-ռուսական դարավոր բարեկամությունը»։
Հայաստանի իշխանությունը չի՛ կարող իրեն շռայլություն թույլ տալ կորցնելու իրատեսությունը եւ կրկնելու Սալվադոր Ալյենդեի վարչակազմի սխալները։ Խնդիրը միայն իշխանությունը չէ, այլեւ պետության ապագան։

Հայաստանի իշխանությունը, կրկնենք, ժամանակ չունի, անհրաժեշտ է արագացնել ընտրությունների անցկացումը, ապահովել ներքին կայունություն՝ հիմնված քաղաքացիների ընտրության արդյունքների վրա, ապահովել արմատական համակարգային բարեփոխումները։

Այո, Հայաստանը տարածաշրջանային «հրդեհի» օղակի մեջ է, եւ ազգային անվտանգության շահը պահանջում է Արեւմուտքի հետ հարաբերությունների «ռեստարտ»՝ նոր հիմքի վրա, որն անպայմանորեն հաշվի կառնի նաեւ բացառությունները Երեւանի համար՝ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հարցում։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցերն Իրան եւ ԱՄՆ ստանում են կենսական կարեւորություն, եւ «օրակարգային վակուումն» առաջիկա հանդիպումներին կարող է անդառնալի կորուստների առջեւ կանգնեցնել Հայաստանին։ Մեզ անհրաժեշտ է կայունություն եւ արտաքին քաղաքական Պլան Բ, ընդ որում՝ ակնհայտ է, որ դրանք փոխկապակցված են. առաջինի ապահովումը պայմանավորված է երկրորդով եւ հակառակը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031