ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հատկանիշներով։ Նախօրեին արդեն վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունն ու ազատ արձակեց նրան, քանի որ՝ որպես ՀՀ նախկին նախագահ, Քոչարյանն ունի սահմանադրական անձեռնմխելիություն։
Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կարծիքով՝ այն, որ պատասխան պետք է տան բոլոր հանցագործները, դրանում կասկած չկա, եւ այդպես էլ պետք է լինի․ «Ես վստահ եմ, որ նոր իշխանությունները հետամուտ կլինեն, եւ որեւէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից, հատկապես որ պետականությանը եւ ժողովրդին վերաբերող հարց է։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նա մեղադրանք ունի եւ պետք է պատասխան տա Մարտի 1-ի համար, 2008-ին ինքն էր նախագահը, եւ եթե ինքը տեղյակ չէր, թե ինչ է կատարվում, իր կամքից անկախ է եղել, կամ իրեն չեն տեղեկացրել, ուրեմն գոնե պետք է պատժեր նրան, ով այդ քայլն արել էր, բայց որեւէ բան տեղի չի ունեցել»։ Թուխիկյանը հիշում է, որ Մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին Երեւանի կենտրոնում բազմաթիվ ջրցան մեքենաներ կային, որոնք այդպես էլ գործի չդրվեցին, բայց գործի դրվեցին զենքերը․ «Ինչո՞ւ, եթե նրա խնդիրն ուղղակի մարդկանց ցրելն էր, նա կարող էր ջրցան մեքենաներով կամ կյանքին վտանգ չսպառնացող մեթոդներով այդ գործն անել, բայց նա դիմեց իր սիրելի զենքին։ Անպայման պետք է պատասխան տա, եւ ես վստահ եմ, որ նա կհայտնվի ճաղերի հետեւում եւ շատ երկար ժամանակով ու ոչ միայն ինքը»։
Թե ինչու վերաքննիչ դատարանն այդպիսի վճիռ կայացրեց, ապա կարծում է, որ անձեռնմխելիությունը չի կարող պատճառ դառնալ նման հանցագործության դեպքում պատասխանատվության չենթարկելու համար․ «Թեպետ սա վիճահարույց հարց է, հիմա կարդում եմ դատավորի պատմությունները ու չգիտեմ, թե դատավորն ինչ նկատառումներով է արել․ օրենքի ուժո՞վ է վճիռը կայացրել, կամ այլ հանգամանքնե՞ր են ազդել վճռի կայացման մեջ՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, որ ներկա իշխանությունները չեն խառնվել այս գործին, եւ երեւի թե վակուումը լրացրել են նախկին իշխանությունները»։
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ասուլիսից առաջ, ըստ նրա, շատ ճիշտ էր եւ տեղին․ «Ցավոք, չկարողացա մասնակցել ակցիային, բայց հոգով-սրտով նրանց հետ էի, ու, ինչպես ասվեց այնտեղ, նա չպետք է ունենա ասուլիսի իրավունք, այլ միայն վերջին խոսքի իրավունք։ Եվ ծիծաղելի է գրասենյակի հայտարարությունը՝ իշխանությունները վախենում են… իսկ ինչի՞ց պետք է վախենան։ Այնքան պրիմիտիվ են, այդ թվում՝ Քոչարյանի ասուլիս տալու ցինիզմը։ Երեկ մի պահ կարկամեցինք, երբ վճիռը հայտարարվեց, բայց հետո, երբ ավելի սթափ ես նայում, արդեն ամեն ինչ նորմալ է, այսինքն՝ որեւէ բան ավարտված չէ, հակառակը՝ նոր թափ կստանա, եւ կեցցեն մեր հասարակությունը, երիտասարդությունը։ Հուսամ, որ ամսի 17-ի հզոր հանրահավաքը եւս մի ապացույց կլինի այն բանի, որ մարդասպանությունը եւ պետության նկատմամբ հանցագործությունը չեն կարող որեւէ կարգավիճակով արդարացվել։ Մենք հիմա միայն Մարտի 1 ենք ասում, բայց դրանից զատ՝ առաջ եւ հետո, այլ բաներ էլ են եղել»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում