Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարվա առաջին կիսամյակում տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է։
Նշված բուհն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 367 մլն 230 հազար դրամ։ Ավելին՝ այս ուսումնական հաստատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 174.5 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները։ Իսկ ահա մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը։
Հայաստանում բուհերից երկրորդ խոշոր հարկատուն Երեւանի պետական համալսարանն է, որի կատարած հարկային վճարումներն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 923 մլն 837 հազար դրամ։ Բայց չնայած սրան՝ 2017 թվականի 1-ին կիսամյակի համեմատ Հայաստանի մայր բուհը ավելի քան 155.9 մլն դրամով պակաս է պետական բյուջե հարկ վճարել։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւս այս տարի ավելի քիչ հարկ է վճարել։ Այս բուհը 2018թ. առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է հարկ վճարել՝ ավելի քան 64.3 մլն դրամով։ Մանկավարժական համալսարանը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 374 մլն 378 հազար 300 դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 438 մլն 753 հազար դրամ։
Նույն կարգավիճակում է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 425 մլն 681 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 569 մլն 818 հազար դրամ:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում