Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դատավարությունը նպաստելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ազդեցության ավելացմանը». Արա Գասպարյան

Օգոստոս 15,2018 11:38

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը`անցումային արդարադատության մասին

– Իշխանափոխությունից հետո, Հայաստանում արդարության վերականգնման հանրային պահանջ է ձևավորվել, որի բավարարման նկատառումներով ` կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի նախագահական ընտրություններում նրա դերակատարման պատճառով: Սակայն, Վերաքննիչ դատարանի որոշումը`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, կրկին հանրային վրդովմունք է առաջացրել:

– Անկասկած, արդարության հանրային պահանջի կատարումն անհրաժեշտ է հետագա ներդաշնակ զարգացման համար, և այդ առումով, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտության վերհանումն ու արդարադատության իրագործումը շատ մեծ կարևորություն ունի: Սակայն շատ կարևոր է նաև, որ արդարության վերականգման և անաչառ արդարադատության հանրային պահանջի կատարման համար կիրառվի համալիր և համապարփակ մոտեցում: Կիսատ-պռատ, մասնակի, միայն մեկ կամ մի քանի դրվագների և անձանց վրա սևեռումը հղի է լուրջ վտանգներով:

– Ի՞նչը նկատի ունեք:

– Ըստ էության, 2008 թվականի ընտրությունների շուրջ առաջացած բախումը միևնույն քաղաքական համակարգի տարբեր թևերի` իշխանության համար պայքարի արդյունք էր, որում բացի քաղաքական դերակատարներից ներգրավված էին նաև տասնյակ հազարավոր մարդիկ: Սակայն այժմ կողմերից միայն մեկին, այսինքն` 2008 թվականին իշխանության ղեկին գտնվող, սակայն արդեն հեռացող նախագահին մեղադրում են զինված ուժերի ապօրինի կիրառման մեջ, այն դեպքում, երբ մյուս կողմը` նոմինալ ընդդիմությունը հանրահավաքում բացարձակ հայտարարում էր բանակի բարձրաստիճան գեներալների կողմից աջակցություն ստանալու պայմանավորվածությունների վերաբերյալ, բռնության, իշխանության բռնի տապալման բավական ագրեսիվ կոչեր էր հնչեցնում: Հարկ է նշել, որ այդ պահին` 2008 թվականին, ընդդիմությունում հայտնված քաղաքական ուժը, երբ 1996 թվականին իշխանություն էր, զինված ուժերն արդեն մեկ անգամ օգտագործել էր նախագահական ընտրություններում իր պարտությունից հետո իշխանությունը պահելու համար: Հիշենք նաև, որ այդ իշխանությունն էր, որ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո ի լուր բոլորի հայտարարեց, թե ինքն է մնալու իշխանության անկախ ընտրությունների արդյունքներից: Դա, ըստ էության, սահմանադրական կարգը խարխլող հայտարարություն էր:

– Առաջարկում եք ամբողջությամբ սրբագրե՞լ մեր նորագույն պատմությունը:

-Հայաստանում քաղաքական բռնություններ տեղի են ունեցել 3-րդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում, սակայն Ռ. Քոչարյանի դատավարությամբ անդրադառնում ենք դրա ընդամենը մի դրվագի` (տաս տարի անց երբ արդեն տեղի է ունեցել սուբյեկտների նաև այդ իրադարձությունների արդյունքում քաղաքական հեղինակազրկում) փորձելով երևույթին գնահատական տալ սոսկ քրեական դատավարության միջոցով, իսկ նախկին նախագահի ակնհայտ քաղաքական պատասխանատվությունը փոխարինել քրեականով։ Այնինչ քաղաքական գործընթացներում ներգրավված սուբյեկտների լեգիտիմացնող կամ ապալեգիտիմացնող գնահատականը ցածր հեղինակություն ունեցող դատաիրավական համակարգի պայմաններում կարող է լինել թերևս միայն քաղաքական բնույթի: Նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք քաղաքական պայքարի համատեքստում է առաջադրվում, և եթե դատարանում նրա մեղքն ապացուցող փաստերը թույլ լինեն, ապա Ռ. Քոչարյանին վերջնականապես` որպես քաղաքական սուբյեկտ տապալելու փոխարեն, դատավարությունը նպաստելու է վերջինիս քաղաքական ազդեցության ավելացմանը:

– Նաեւ տարբեր քաղաքական ուժեր այս ամենում «քաղաքական ենթատեքստ» արձանագրեցին:

– Առաջին ատյանի դատարանում (քանի որ օրենսդրությունը գործն ավելի պրոֆեսիոնալ և բարձր դատական ատյանում քննելու հնարավորություն չի տալիս և սա իրականում լուրջ խնդիր է) պետք է ապացուցվի, թե ի՞նչ եղանակով է Ռ. Քոչարյանը տապալել սահմանադրական կարգը (թերևս միջնորդավորված է գործել, միջնորդները պետք է վկայություն տան իր դեմ, իսկ եթե չտա՞ն): Դրանից հետո 10 տարվա հեռավորությունից պետք է ապացուցվի, որ ընտրության արդյունքներն էլ են կեղծվել: Եթե նույնիսկ Ռ. Քոչարյանի մեղադրանքն ապացուցվի, ապա արդարադատությունն այդքանով չպետք է սահմանափակվի: Անհրաժեշտ է, որ բացահայտվեն մարտի 1-ի մյուս իրադարձությունները` առաջին հերթին սպանությունները, բռնությունն ու թալանը, անհատականացվեն հարյուրավոր (գուցե հազարավոր) անձանց, այդ թվում քաղաքական գործիչների գործողությունները և պատժվեն օրենք խախտած անձինք: Բայց, եթե նույնիսկ այս ծավալուն գործերն ամբողջությամբ դատարանում քննվեն և դրանցով օբյեկտիվ վճիռներ կայացվեն, ապա միևնույն է դրանք ընդամենը մի դրվագ են Հայաստանում քաղաքական բռնությունների շարքից (որոնք մենք հնարավորությունն ունեիք կասեցնելու 1996 թվականին, սակայն ընդհակառակը, ավելի ընդլայնեցինք դրանից բխող բոլոր հետևանքներով):

Այժմ մենք, որպես պետություն և հասարակություն, կանգնած ենք քաղաքականության մեջ բռնություն երևույթին քաղաքական, ապա դրա առանձին դրսևորումներին` իրավական գնահատականներ տալու և անցյալը ճշգրիտ հատկորոշելու հիմնախնդրի առջև: Հետևաբար, միայն Ռ. Քոչարյանին դատելով և մարտի 1-ը բացահայտելով, մենք ընդամենը կիրականացնենք արդարադատություն հակամարտության կամ բախման միայն մի կողմի նկատմամբ: Այնինչ մյուս կողմը, ակնհայտ է, որ ձեռքերը ծալած նստած չի եղել, ու դատավարությունը պետք է լույս սփռի նաև ընդդիմության կողմից բարձրաստիճան զինվորականներին օգտագործելու և նախորդ դատավարություններում ի հայտ չեկած այլ հարցերի վրա: Քաղաքական անցյալի հանցավոր իրողությունների հետ մասնակի առերեսվելու փոխարեն ճշմարտությունն անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել:

– Այս իմաստով ի՞նչ նախադեպեր կան, ի՞նչ է հուշում այլոց փորձը:

– Հայաստանը բնականաբար աշխարհում միակ երկիրը չի, որ կանգնել է անցումային արդարադատություն իրականացնելու խնդրի առջև, և երբ անդրադառնում ենք այդ հարցում միջազգային փորձին, ակնհայտ է դառնում որ գործընթացը բարդ է և խնդրահարույց, իսկ արդյունքներին հաճախ դժվար է միանշանակ գնահատականներ տալ: Անցումային արդարադատությունը սահմանվում է որպես նախկին բռնաճնշիչ քաղաքական համակարգի օրոք իրականացված մարդու իրավունքների խախտման հետևանքները մեղմելուն ուղղված դատական և ոչ դատական միջոցներ, որոնց արդյունավետությունը պայմանավորված է դրանց համալիր կիրառմամբ: Այդ միջոցները հիմնականում հինգն են` քրեական հետապնդում, ճշմարտության բացահայտման հանձնաժողովներ (truth commissions), փոխհատուցման ծրագրեր, անվտանգության ոլորտի կամ հարկադրանքի մեխանիզմների վերափոխումներ և զոհերի հիշատակում (memorialization efforts):

Անցումային արդարադատություն իրականացվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այդ շարքում ուշագրավ է Հարավային Կորեայի օրինակը: Այնտեղ անցումային արդարադատության իրականացումը կարելի է բաժանել 2 բաղադրիչի` քաղաքական և իրավական: Առաջինը պետության կողմից ստեղծված ճշմարտության հանձնաժողովների գործունեությունն էր` ուղղված նախորդ կառավարությունների կողմից քաղաքական բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը (1910-1993 թվականներին 100000 մարդ է զոհվել քաղաքական բռնությունների արդյունքում), զոհերի օժանդակմանը և ֆինանսական փոխհատուցմանը, նրանց հեղինակության վերականգնմանը, զոհերի ու նրանց վնաս պատճառածների միջև հաշտեցմանը: Մյուսն իրավականն էր, երբ դատեցին նախկին նախագահներ Չունին և Ռոհին` մեղադրելով նրանց պետական հեղաշրջման, խռովության կազմակերպման, խռովության նախապատրաստման և մասնակցության, զորքերի տեղաշարժի ապօրինի հրամանների և սպանությունների մեջ: Ի դեպ, Հարավային Կորեայում նշված նախագահներին մեղադրեցին նաև կոռուպցիայի մեջ, և վերջիններս էլ, ընդունելով իրենց մեղքը, մասամբ (մոտ 25 տոկոսով) վերադարձրեցին ժողովրդից գողացված միջոցները: Նրանց ենթականերից էլ ընդամենը 20-ից ավել մարդ դատապարտվեց:

Այժմ մեր պետության և հասարակության առանցքային խնդիրը արդարության վերականգնումն է, որը պետք է իրականացնել դատական և ոչ դատական միջոցներով: Ուստի նախկին համակարգի գործունեությանը ամբողջական և ծանրակշիռ քաղաքական գնահատական տալու, նախկին քաղաքական բախումների և բռնությունների վերաբերյալ ճշմարտություն ամբողջությամբ բացահայտելու, դրանք գնահատելու, զոհերի իրավահաջորդներին և տուժածներին փոխհատուցելու գործուն մեխանիզմներ ձևավորելու հրամայականի առջև ենք կանգնած: Գաղտնիք չի, որ մեր արդարադատության համակարգի նկատմամբ շատ ցածր հանրային վստահություն կա (տես կովկասյան բարոմետր): Դատավարությունները սկզբում ընթանալու են առաջին ատյանի դատարաններում, որոնց նման բարդության գործերով ծանրաբեռնելն ուղղակիորեն ազդելու է դատական գործընթացի որակի վրա: Որպեսզի դատավարությունները թերահավատություն չառաջացնեն, դրանք պետք է մաքսիմալ օբյեկտիվ անցկացնել և պետք է միտված լինեն ոչ թե պատժելուն, այլ արդարությունը վերականգնելուն:

– Առաջարկում եք նախ դատաիրավական համակա՞րգը կարգի բերել, հետո՞ միայն անդրադառնալ կնճռոտ խնդիրներին:

– Նույնիսկ կատարյալ դատավարություններով գրեթե անհնարին կլինի Հայաստանում քաղաքական բռնությունների պատճառահետևանքային կապերի, դրանք պայմանավորող խորքային իրողությունների վերհանումն ու գնահատումը: Դա ավելի ընդարձակ քաղաքական հարց է: Հետևաբար, նման նպատակադրման դեպքում բացի իրավապահ համակարգից գործընթացում պետք է ներգրավվեն նաև քաղաքական և հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց ուժերով կձևավորվի փաստահավաք կամ ճշմարտության բացահայտման հանձնաժողով: Այն պետք է`

վերհանի 1995-2016 թվականների ամենալուրջ քաղաքական բռնությունների հնարավորինս ամբողջական պատկերը,

հավաքի ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն կազմելու բռնության զոհերի, բռնություն անմիջական իրականացնողների, քաղաքական պատվիրատուների ցանկը,

ներկայացնի առաջարկություններ զոհերի ընտանիքներին փոխհատուցումների վերաբերյալ,

առաջարկի վարչական և իրավական միջոցներ ապագայում քաղաքական բռնությունների կանխարգելման ուղղությամբ:

Հանձնաժողովի վերհանած փաստերի հիման վրա արդեն իրավապահ մարմինները կարող են արձագանքել: Սակայն, հանձնաժողովի հիմնական առաքելությունը բռնության քաղաքական գնահատումն է: Հանձնաժողովի գործունեության արդյունքների նկատմամբ հանրային բարձր վստահության համար վերջինիս կազմը պետք է լինի հնարավորինս ներկայացուցչական, իսկ որոշումներն ընդունվեն բոլոր անդամների համաձայնությամբ:

Կարևոր է գիտակցել, որ անցյալի հետ առերեսումը, դրա վերաբերյալ ճշմարտության վերհանումը, այդ թվում նաև քաղաքական բռնությունների բացահայտումն ու դրանց լիարժեք և ամբողջական գնահատումն ապագայում Հայաստանում կապահովեն հասարակական արդար հարաբերությունների կարևոր հենք, սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկար և վերջապես կմաքրեն քաղաքական մշակույթը ցածրորակ գործելակերպերից:

Հարցազրույցը վարեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031