Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետության նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ». Հովհաննես Մանուկյան

Օգոստոս 14,2018 17:46

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեք դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

– Առնվազն՝ խնդրահարույց։ Տեսեք, Հանրապետության նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ, և դա արձանագրված է հենց նույն իրավանորմում։ Իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չհետապնդվելու և պատասխանատվության չենթարկվելու կանոնը սահմանադրական նորմը կապակցում է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների հետ միայն: Այսինքն, հարուցված քրեական գործով քննության առարկա պիտի դառնար այն հանգամանքը, թե մեղսագրվող արարքները բխել են արդյոք նախագահի կարգավիճակից, թե ոչ։ Եվ այս իրավական խնդիրը պետք է իր պատասխանն ստանար բազմակողմանի քննության արդյունքում և վերջնական գնահատականի պիտի արժանանար գործն ըստ էության քննող դատարանում։ Սակայն, փաստացի ստացել ենք իրավիճակ, երբ խափանման միջոցի հարցը քննող դատարանն, ըստ էության, լուծել է ընդհանրապես քրեական գործի ճակատագիրը։

– Ո՞րն է լուծումն այս դեպքում։

– Լուծումը քրեական հետապնդման մարմնի որոշումից է կախված լինելու։ Եթե որոշում կայացվի բողոքարկելու Վերաքննիչ դատարանի ակտը, ապա վերադաս ատյանը՝ Վճռաբեկ դատարանը, պիտի գնահատական տա այս իրավական խնդրին։

– Ինչպե՞ս եք գնահատում ներքին քաղաքական իրավիճակը երկրում այս պահին։  

– Հասարակությունն անորոշության մեջ է։ Եվ այս անորոշությունը երկար չի կարող տևել։ Հայտնի գերմանացի իրավագետ Ռուդոլֆ Ֆոն Յերինգն ասել է․ «Հեղափոխությունը չունի ոչ մի ընդհանուր բան իրավական տեսակետների հետ․ իրավունքի տեսանկյունից ցանկացած հեղափոխություն ենթակա է աներկբա դատապարտման։ Իրականում ցանկացած հեղափոխության նկատմամբ դատավճիռն արդեն պատրաստ կլիներ, սակայն հայտնի դեպքերում ուժը զոհաբերում է իրավունքը և փրկում կյանքը․․․ իսկ պատմության դատավճիռը մնում է որոշիչ և վերջնական»։

Կարծում եմ սպառիչ է ասված։

– Ի՞նչ լուծումներ եք տեսնում ստեղծված իրավիճակում, ինչ խորհուրդ կտայիք այսօրվա քաղաքական դերակատարներին։

– Չէի ցանկանա տպավորություն ստեղծվեր, որ իմ տեսակետները ներծծված են իրավական նիհիլիզմով և քաղաքական ամենաթողության արդարացմամբ։ Սակայն անցումային շրջանում գտնվող հասարակությունները պիտի ինչ որ բան զոհաբերեն ապագայի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար։ Հակառակ պարագայում կարող ենք հայտնվել պերմանենտ ցնցումների մեջ։ Մասնավորապես, դատական և իրավական դաշտում պետք է խելամտորեն օգտագործվեն այսպես կոչված ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ աշխարհին ծանոթ մեխանիզմներ։ Այս մասին խոսվել է բավականին, բայց քայլ չունենք արված այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է ուժեղացնել կառավարության կադրային բազան, այդ թվում համալրելով փորձառու և հայրենասեր մարդկանցով։ Եվ վերջապես անհրաժեշտ է հանրությանը հստակ ազդակներ ուղղել ներքին և արտաքին քաղաքական հիմնահարցերի վերաբերյալ նոր իշխանության համոզմունքների մասին, քանզի Հայաստանի քաղաքացին իրավունք ունի հասկանալու թե ուր են առաջնորդում իրեն իր հռչակած լիդերները։ Ժողովրդական շարժման էներգետիկան մի հսկա ռեսուրս է մեր սակավառեսուրս երկրում, որի կորուստը կամ չկապիտալիզացնելը չի ներվի որևէ մեկին։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031