Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտարարեց, որ մանդատը վայր դրած ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին խորհրդարանում կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը:
ԿԸՀ-ն օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացել` ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: «Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- հայտարարեց Լաուրա Գալստյանը:
Այս նիստում ԿԸՀ-ն նաեւ վերացրեց ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման սահմանափակումը: Հիշեցնենք, որ նախկինում յուրաքանչյուր ԶԼՄ կարող էր հավատարմագրել առավելագույնը 50 ներկայացուցիչ: «Ասպարեզ» ակումբն այդ կետը վիճարկեց Սահմանադրական դատարանում: 2017 թվականի դեկտեմբերին այդ դրույթը ճանաչվեց հակասահմանադրական, խորհրդարանն էլ վերացրեց սահմանափակումը: ԿԸՀ-ն եւս, օրենքի պահապանին ենթարկվելով, հանեց այդ նորմը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ