«Վազգեն Սարգսյանը նրան անվանում էր Պաշա Գրաչյան, և դա նրան դուր էր գալիս», – հիշում է Աշոտ Աղաբաբյանը:
Բանակի գեներալ, օդային զորքերի սպա Պավել Գրաչովը հեղինակավոր և հարգված մարդ էր: 1988թ-ին՝ հատուկ հանձնարարություն կատարելուց հետո ստացավ Խորհրդային Միության հերոսի կոչումը: Մանրամասն պլանավորված գործողության շնորհիվ՝ նրա բաժանմունքի բոլոր զինվորները կենդանի մնացին, իսկ աֆղանական մոջահեդնները՝ ջախջախվեցին:
Նա առաջին անգամ Հայաստան այցելեց 90-ականների սկզբին: Այցից հետո Գրաչովի և Վազգեն Սարգսյանի միջև սկսվեց բարեկամություն, որը նման էր եղբայրության:
Պավել Գրաչովը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի զինված ուժերի կառուցման գործում: Հայաստանին զենք չտրամադրելու մասին Ելցինի հրամաններին հակառակ, նա կատարել է ծանր ռազմական տեխնիկայի առաքում: Իսկ Հայկական ռազմաօդային ուժերին որպես նվեր տրամադրված ՍՈՒ օդանավ-կործանիչը, ինչպես հիշում էր Վազգեն Սարգսյանը, պատերազմի ընթացքում շատ օգտակար էր:
Գրաչովը կապեր հաստատեց Սպարապետ Սարգսյանի ընտանիքի հետ, արձակուրդին եկավ Հայաստան: Նա հարգում էր հայ ժողովրդին իր պարզության և բարոյական բարձր հատկանիշների համար:
2012թ-ին նրա մահից քիչ առաջ նա այցելեց Հայաստան՝ ընկերների հետ հանդիպելու համար: Գեներալ Գրաչովը Երևանի պատվավոր քաղաքացի էր, բայց Ռուսաստանում՝ իր հայրենի երկրում, նա շատ վատ հեղինակություն ուներ: 1991թ-ին Բորիս Ելցինին աջակցող մարդ, որը տապալեց չեչենական ռազմական գործողությունը, այն նախարարը, որը թույլ տվեց Գերմանիայում ռուսական բանակի գույքի թալանը (1991-1994թթ.):
Իր մահից կարճ ժամանակ առաջ նա խոստովանեց. «Ես սպա եմ, ես ընտրություն չունեի: Այո, ես մեղավոր եմ Չեչնիայում հազարավոր ռուս երեխաների մահվան մեջ, բայց չկարողացա պատերազմել Չեչնիայի Հանրապետությունում իմ քաղաքացիների դեմ»:
1996 թ-ին հրաժարականից հետո Պավել Գրաչովի անունը մոռացվեց: Մինչև մահը նա ինքն իրեն նույն հարցն էր տալիս. «Ինչո՞ւ իմ փորձը, իմ բնավորությունը, իմ գիտելիքները ժամանակակից Ռուսաստանում պահանջարկ չունեցան»:
Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆ