Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս բանտախցում սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, ցավոք, այդ հանդիպումը տեղի չունեցավ». Շահեն Հարությունյան

Օգոստոս 14,2018 16:58

«Օգոստոսի 18-ին լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով կառավարությանը տրված եռամսյա ժամկետը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:

Նա նշեց, որ իր հայրը հուսով էր՝ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն դեռ մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ:

Շահենը հայտնեց, որ դեռ չգիտեն, թե քաղաքական պայքարի ինչ ուղի են ընտրելու. հույս ունեն, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Սակայն նա մտահոգված է, որ լրանում է վարչապետի 100 օրը, բայց քաղբանտարկյալները դեռ ազատ չեն արձակվում:

Այս առիթով Շահեն Հարությունյանը հայտարարեց. «Մենք չենք իրականացնում ոչ մի քաղաքական գործողություն, քանի որ որոշակի ուժեր կարող են և ցանկանում են շահարկել մեր անունը, որ իրենց քաղաքական խնդիրները լուծեն: Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, այդ եզրույթը ՀՀ-ում պիտի բացառվի: Սերժ Սարգսյանը կլինի, թե Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ»:

Շահեն Հարությունյանը հայտարարեց, թե այն հայտարարությունները, որ իր հորն առաջարկել են ազատ արձակվել, սակայն նա չի համաձայնել, չեն համապատասխանում իրականությանը. «Շանթ Հարությունյանի համար ընդունելի է այն տեսակետը, որ վաղաժամկետ բանտից դուրս կգա արդարացման դատավճռից հետո: Դա ենթադրում է, որ ներում չի խնդրելու իմ հայրը, չի ցանկանում, որ իր նկատմամբ համաներում իրականացվի, քանի որ ինքը հանցագործություն չի կատարել, որի համար պիտի ներեն: ՀՀ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալ և նրա հանդեպ արդար դատական ակտ պիտի իրականացվի և ընդհանրապես քաղաքական բանտարկյալ համարվող անձանց բոլորի նկատմամբ արդար դատական ակտ պիտի իրականացվի»:

Շահենը հայտնեց՝ իր հայրը բանտախցում սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, ցավոք, այդ հանդիպումը տեղի չունեցավ. «Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին, իսկ իմ հայրը որպես քաղբանտարկյալ շարունակում է բանտում գտնվել: Նրանք խոսելու շատ բան ունեին: Քոչարյանի իշխանության օրոք տասը մարդ է սպանվել, իսկ իմ հայրն այդ գործի շրջանակներում մեկ տարի նստել է, հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան: Բայց, ցավոք, այդ հանդիպումը տեղի չունեցավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031