Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով նրա կալանքը՝ որպես խափանման միջոց փոխել ու ազատ արձակել: ՀՔԾ-ն դատարանի որոշումը ապօրինի հայտարարեց:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Ցավալի է, որ պետական մարմինը՝ որեւէ մարմին, իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումը անվանել ապօրինի: Այդ պետական մարմինը հավանաբար լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը եւ իր սեփական լիազորությունների շրջանակը: Եթե ենթադրենք որեւիցե փաստաբան դատարանի որեւիցե որոշում անվանում է ապօրինի ու պատրաստվում է դա բողոքարկել, դա համեմատաբար թույլատրելի սահմանում արված արտահայտություն է, որովհետեւ դա չի անում պետության անունից: Իսկ պետական մարմինը անում է հայտարարություն պետության անունից»:
Ըստ Ալումյանի, կարող էին ասել, որ դատարանի որոշման հետ համաձայն չէին, բայց իրավունք չունեին դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի:
Ինչ վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը՝ Ալումյանն ասաց. «Նախագահի անձեռնմխելիությունը բխում է Քրեական օրենսգրքից: Քրեական օրենսգրքի հատուկ մասում նկարագրված հանցագործությունների հետ կապված ինքն ունի անձեռնմխելիություն: Ընդ որում, այնտեղ սահմանադրական կարգի տապալումը ամենածանր հանցագործությունը չի, կան շատ ավելի ծանր հանցագործություններ, քան սահմանադրական կարգի տապալումը: Այն սահմանադրությամբ, որ մենք հիմա ապրում ենք, բացառություն գոյություն չունի, որ բացառությամբ՝ սահմանադրական կարգի տապալումը: Կա մի բացառություն, եթե այն գործողությունը, որը մեղսագրվում է իրեն, կատարել է ոչ ի պաշտոնե: Օրինակ, ընտանիքով ավտոմեքենայով ինչ-որ տեղ են գնացել, ինքը ղեկին է եղել եւ մի հատ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի պատճառով քրեական հետապնդում է սկսել: Այդտեղ նա պատասխանատվություն է կրում՝ նախագահի ժամկետի ավարտից հետո: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն սահմանադրությունից, սահմանադրության մեջ որեւէ վերապահում՝ կապված անձեռնմխելիության հետ, չկա: Այն խոսակցությունները, որ դա միգուցե տարածվում է եւ այլն, հաջորդ սահմանադրությունը ընդունելուց կքննարկենք ու անձամբ իմ կարծիքն էլ այն կլինի, որ այդ անձեռնմխելիությունը միգուցե ընդհանրապես պետք չի: Բայց հիմա ունենք կայացած փաստ, մնացած բոլոր խոսակցությունները բարի ցանկությունների ոլորտից են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ