Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ կարող էր այսօրվա չկայացած ասուլիսով Քոչարյանը հայտարարել, թե վերադառնում է քաղաքականություն». Նինա Կարապետյանց

Օգոստոս 14,2018 16:28

«Ակնհայտ անարդար դատական ակտ էր»,-«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված:

Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ սահմանադրական կարգի դեմ բռնանալը չի կարող որևէ անձեռնմխելիության ինստիտուտի տակ թաքնվել. «Դատարանի կողմից ցանկացած պատճառաբանություն, որ կվերաբերի նրա՝ անձեռնմխելիության հանգամանքից օգտվելուն, դա ընդամենը իրավաբանական աճպարարություն է, որը կատարվել է դատարանի կողմից: Բացարձակապես հիմքեր չեն եղել և չէին էլ կարող լինել ազատություն տալ մի անձի, ով յուրացրել էր հայ ժողովրդի իշխանությունը: Սահմանադրության երկրորդ հոդվածը հստակ նշում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջոցով: 2005-ին ՀՀ նախագահն այդ իշխանությունից որևէ մեկը չէր հանդիսանում, բայց 49-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում էր իշխանության երեք ճյուղերի երաշխավորը, ենթադրվում էր, որ 2005-ի՝ Քոչարյանի համար գրված սահմանադրությամբ ինքն ավելի վեր իշխանություն էր, քան ժողովրդի իշխանությունը: Հետևաբար անկախ նրանից՝ կլինի դատավոր Ազարյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, փորձել է հանրությանը մոլորեցնել, որ օգտվել է անձեռնմխելիության ինստիտուտից կամ որևէ այլ պատճառաբանություն, դա աճպարարություն է հանրությանը մոլորեցնելու և գիտակ իրավաբան ներկայանալու առումով»:

Արայիկ Պապիկյանի վստահեցմամբ՝ դատարանը չի ցանկացել իրականացնել արդարադատություն, և այս պայմաններում խոսել դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության մասին, ինքնախաբեություն է. «Ակնհայտ անարդար դատական ակտի հետ գործ ունենք: ՀՔԾ-ն ապօրինի որակում տվեց, որի հետ որպես ոչ իրավաբանական կատեգորիա համամիտ չեմ: Անարդար է, քանի որ եթե համարձակվեին որակել որպես անարդար դատական ակտ, ապա դատավորի հանդեպ քրեական գործ պիտի հարուցվեր»:

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ որևէ պետական մարմին զգացմունքային արտահայտություններ անելու իրավունք չունի:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը կասկած հայտնեց համակարգչային ծրագրերի առումով այն իմաստով, որ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքներով են նույն դատավորների մոտ անընդհատ հայտնվում քաղաքական հնչեղություն ունեցող գործեր՝ ակտիվիստների և այլն, որոնք անխնա պատժի են ենթարկում:

Արայիկ Պապիկյանը վստահ է՝ մեզ նոր սահմանադրություն է պետք, քանի որ սա էլ սուպերվարչապետական սահմանադրություն է:

Նինա Կարապետյանցը համոզված է՝ ցանկացած անձ, անկախ նրա հաղթանակներից, պարգևներից, պիտի պատասխանատվության ենթարկվի: Կատարվածում նա նաև դրական կողմ է տեսնում. մենք այս իմաստով ունեցանք բնական լյուստրացիա, քանի որ դատավորներ, դատախազներ, պատգամավորներ ցույց տվեցին իրենց անգործությունը:

Իսկ թե ինչ կարող է այժմ անել Ռոբերտ Քոչարյանը, այս առիթով Նինա Կարապետյանցը կարծում է, որ նա կարող է լքել ՀՀ-ն, քանի որ այս ամենը միայն իր խնդիրը չէ. իրեն պիտի հարց տան՝ ձեր զավակներն ինչպե՞ս դարձան միլիարդատեր:

Նա չի բացառում, որ կարող էր այսօրվա չկայացած ասուլիսով Քոչարյանը հայտարարել, թե վերադառնում է քաղաքականություն, քանի որ մարդկային ցինիզմը սահմաններ չունի. մարդիկ սովոր են դիակների, արյան վրայով գալ իշխանության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ցավոք,հիմա դատախազները ավելի շատ են,քան դատավորները….,կամ ավելի ճիշտ բոլորը դատախազ են,վայ մեղադրյալին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031