Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հետ աշխատած լինելը հիմք չէ դատավորին բացարկի. Դատախազություն

Օգոստոս 14,2018 15:56

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, ինչպես տեղեկացրել ենք, չկայացավ:

«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ասուլիսը տապալելուց հետո երթով շարժվեցին դեպի դատախազություն, այնուհետեւ՝ Բարձրագույն դատական խորհուրդ:

Դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հանդիպեց ցուցարարներին: Նա ասաց, որ դեռեւս Վերաքննիչ դատարանի որոշումը չեն ստացել, մեկ-երկու օրվա ընթացքում որոշումը կստանան, համահունչ բողոք կտանեն. «Մենք մեր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել ենք: Մտադրություն ունենք բողոք տանել Վճռաբեկ դատարան, ուղղակի որոշումը պետք է ստանանք, որ դրան համահունչ տանենք»:

Հարցին՝ դատախազությունը ներկայացրե՞լ է բացարկի միջնորդություն Վերաքննիչի դատավորներին, մասնավորապես՝ դատավոր Ազարյանին, որն աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ Մուրադյանը պատասխանեց. «Մենք բացարկի միջնորդություն չենք հայտնել: Մենք մեր ներկայացուցիչն ունեցել ենք դատարանում, այդ բացարկի հարցը քննարկվել է եւ մենք բացարկի միջնորդություն չենք ներկայացրել, համարել ենք, որ դա հիմք չէ: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ պաշտոնատար անձինք են աշխատել, դա չի նշանակում, որ դա իրենց պետք է խոչընդոտ լինի՝ իրենց պարտականությունը կատարելու»:

Մուրադյանն ասաց, որ որեւէ մեկնաբանություն չի ուզում տալ Վերաքննիչի որոշմանը, կստանան որոշումը՝ բողոքը կներկայացնեն:

Հարցին՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, կարո՞ղ է ազդել գործի քննության վրա՝ Վահագն Մուրադյանը պատասխանեց. «Ձեր տված հարցի պատասխանը մենք մեր դիրքորոշմամբ հայտնել ենք, այսինքն, եթե նախաքննական մարմինը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ներկայացրել ու դատախազությունը հետ չի վերցրել, դա նշանակում է, որ այնտեղ ներկայացված հիմքերը եղել են հարգելի հիմքեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031