Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չգիտենք, թե ինչի համար ենք նստած». «3-րդմասցի Լյովիկի» սպանության մեջ մեղադրվող

Օգոստոս 14,2018 15:40

Քրեական աշխարհում «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Ղազարյանի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստում այսօր դիրքորոշում պետք է հայտներ տուժողի իրավահաջորդներից մեկը, սակայն նա չէր կարողացել նիստին ներկայանալ:

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (քրեական աշխարհում հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը(«Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկ», եւ նրա երկու ընկերներին՝ Դրաստամատ Թադեւոսյանին եւ Մեսրոպ Նազարյանցին սպանելու համար: Սպանված Դրաստամատ Թադեւոսյանի կինը՝ Իրինա Մարտիրոսյանը դատարանին գրության միջոցով էր դիրքորոշում ներկայացրել:

Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին ուղղված նամակում գրել էր. «Ուշադիր հետեւել ենք դատավարությանը ու սպասում ենք արդար դատական ակտի կայացմանը: Իմ չներկայանալու պատճառը մեղադրվողներին տեսնելուց խուսափելն է, դա անհաղթահարելի արգելք է ինձ համար: Դատարանի կողմից արդար դատական ակտի կայացման հարցում կասկածներ ունենք, քանի որ գործը անհարկի պատճառներով անընդհատ ձգձգվել է: Հուսով ենք, որ նոր իրականությունում դուք կարող եք արդար դատական ակտ կայացնել, բայց Ձեզ դեռեւս չենք վստահում»:

Նամակում կինը դատավորին հիշեցրել է, որ նա ոչ թե գողության կամ խարդախության գործ է քննում, այլ երեք անձի սպանության. «Նրանց սպանելը եղել է միջոց՝ նպատակին հասնելու համար: Պատկերացնո՞ւմ եք այն մարդկանց դաժանությունը, որոնք պատրաստ են եղել մի քանի անձի սպանել»:

Ապա երեք մեղադրյալների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով՝ համոզմունք հայտնելով, որ մեղադրանքը ենթադրությունների վրա է հիմնած. «Չկա ապացույց, որ մեղադրանքը հիմնավորված է: Վկաները դեպքի վայրից հեռացողներին տեսել են, բայց չեն ճանաչել դատական նիստերի դահլիճում: Միակ օրինական դատական ակտը կլինի արդարացման ակտը, որը իրավապահներին հնարավորություն կտա հայտնաբերել սպանությունը կատարողներին»:

Հետո խոսքի իրավունք տրվեց մեղադրյալներին, որոնք դատավարության ընթացքում հիմնականում լռում էին եւ միայն հայտարարում, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք ասացին, որ միանում են պաշտպանի դիրքորոշմանը: Միայն Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», շեշտեց. «Մենք չենք իմանում, թե ինչի համար ենք նստած, մեր կյանքից է սա գնում…»:

Հաջորդ դատական նիստում մեղադրող-դատախազը պաշտպանական ճառի վերաբերյալ հանդես կգա ռեպլիկով: Լարված մթնոլորտում անցնող դատավարությունը մոտենում է ավարտին:

https://www.facebook.com/aravot.am/videos/1320544898082187/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031