Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Լեզվի կոմիտեի անելիքը տուգանելը չէ»

Օգոստոս 14,2018 15:35

«Տուգանքներից պետք է անցնենք հորդորական, քարոզչական քաղաքականության, միայն տուգանքներով ոչնչի չենք կարող հասնել»,- օգոստոսի 14-ին «Տեսակետ» ակումբում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` հիմնավորելով, որ զուտ տուգանելով հնարավոր չէ անաղարտ պահել մայրենին:

Հավելեց, որ լեզվական վերահսկողություն են իրականացնելու նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ, նրանց եւս հորդորական նամակներ են ուղարկելու, ուղիղ աշխատելու են ՏԻՄ-երի հետ: Դավիթ Գյուրջինյանը հույս ունի, որ տեղական ինքնակառավարման մարմինները եւս լեզվական յուրահատուկ տեսուչների դեր կկատարեն`օրինակ, թեկուզ չարտոնելով օտարալեզու, օտարագիր ցուցանակները:

«Կանխարգելիչ լայնածավալ քարոզչության միջոցով պետք է շտկենք հրապարակային գրվածքները, որոնց հեղինակները մենք ենք: Նախ ինքներս պետք է փոխվենք, կոմիտեն պետք է փորձի փոխել վերաբերմունքը պետական լեզվի նկատմամբ»,- ասաց պարոն Գյուրջինյանը:

Անդրադառնալով Լեզվի մասին օրենքին, Լեզվի կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ ժամանակին ռուսերենի գերիշխող ներկայությունը ստիպեց, որ Հայաստանում ունենանք Լեզվի մասին օրենք, որը բավական խիստ շեշտադրումներ կունենա:

 Մանրամասները` տեսանյութում:

Նրա ձեւակերպմամբ, Լեզվի կոմիտեն 18-19 հոգով չի կարողանա հաջողել, եթե չունենա հասարակության աջակցությունը: Պարոն Գյուրջինյանը փաստեց, որ 2002 թ-ից հետո մեր երկիրը չի ունեցել պետական լեզվական քաղաքականության ծրագիր: «Լեզվի տեսչությունը շրջանառության մեջ էր դրել 2018-23 թթ. մի ծրագիր, որը, սակայն, չի հաստատվել: Հիմա մենք պետք է մշակենք նախ հայեցակարգ, այնուհետեւ ծրագիր, որը պետք է նոր հայացք լինի»,-ընդգծեց բանախոսը:

Մանրամասները` տեսանյութում:

Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ լեզվական քաղաքականության ծրագրի մշակումից հետո կբխի իրենց անելիքը, որը ոչ թե տուգանելն է, այլ նպաստելը հայերենի զարգացմանը, տարածմանը ՀՀ-ից դուրս ապրող հայերի շրջանում, Սփյուռքի պարագայում էլ` հայերենի պահպանմանը:

Լեզվի կոմիտեի նախագահը, որ նաեւ բազմաթիվ դասագրքերի հեղինակ է, անդրադառնալով միասնական քննություններին, հայոց լեզվի ցածր արդյունքներին ու շտեմարաններին` ասաց, որ շտեմարանները վաղուց իրենց սպառել են, սերտ կապ չունեն դպրոցական ուսուցման հետ: «Դրանք պետք է փոխվեն, մենք պետք է հրաժարվենք այդ տեսակից»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031