Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չի մերժել մադրիդյան սկզբունքները

Օգոստոս 14,2018 15:32

«Այլ բան չունենք սեղանի վրա, մենք ունենք միայն ու միայն Մադրիդյան սկզբունքներ: Դրանց հիմքը դրվել է 1990-1991 թթ-ին, եւ 1992 թ-ին Հայաստանը համաձայնել է մի շատ տխուր կետի հետ, այն է, ինչը արտահայտել էր հարցազրույցի ընթացքում առաջին նախագահը, ըստ որի Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետության»,-պատասխանելով հարցին, թե ինչ ունենք այսօր Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, արդյոք խնդիրը փակուղում է, ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, նույն այդ սկզբունքները շարունակում են բանակցությունների սեղանին մնալ, չնայած, որ երկրորդ, երրորդ նախագահների օրոք արձագանքն ավելի խիստ է եղել, այն է՝ Արցախը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, այդուհանդերձ, Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում որեւէ «ստորակետ, բառ» այդ մասին չի փոխվել:

Aravot.am-ի հարցին, թե նոր իշխանություննե՞րն էլ առաջ են տանում նախկին երեք նախագահների օրոք ամրագրված փաստաթուղթը, տիկին Ալավերդյանը պատասխանեց, որ նոր իշխանությունների, վարչապետի կողմից չի մերժվել այդ փաստաթուղթը, կարգավորման գործընթացում փոփոխություններ չկան: Ըստ նրա, այդ դիրքորոշման մեղմացնող արտահայտություններ են հնչում. «Մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է բանակցային սեղանի կողմ լինի, հիմա հայտարարում է, որ բոլոր փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին վերջին փուլում»:

Տիկին Ալավերդյանի խոսքով, փորձագետները հույս են ունեցել, որ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթից հաջորդ եկողը կհրաժարվի՝ ասելով, որ իրենց դիրքորոշումը խիստ տարբերվում է մյուսներից, սակայն դա տեղի չի ունեցել. «Դա տեղի չի ունեցել, տեղի չի ունեցել եւ երրորդ նախագահի ժամանակ գրավոր ձեւով: Եվ այսօր վարչապետը չի արել դա, չի մերժել, ո՜վ է մերժել, էլի Արցախը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Նախիջևանի հարցով Կասպրշիկի գրասենյակ դիմելու՝ հայկական կողմի պատրաստակամությանն, ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նման մանդատ չունի, որպեսզի Ադրբեջան-Հայաստան սահմանին մոնիտորինգ անցկացնի. «Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է որոշում կայացնի, որ Ադրբեջան-Հայաստան սահմանին կա նոր իրավիճակ»:

Այն կանխատեսումներին էլ, թե այսինչ ամսին, կսկսվի պատերազմը, տիկին Ալավերդյանը խորհուրդ է տալիս զգույշ արտահայտվել, քանի որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե մի ամայի տարածք է, այլ բնակեցված եւ այնտեղ ապրող մարդկանց համար նման հայտարարությունները պետք է իմաստավորվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031