«Իրանը մեր կարեւոր գործընկերներից է, որի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն: Բնականաբար, հետեւում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ խստացվող պատժամիջոցներին եւ դրանց հնարավոր ազդեցությանը ՀՀ-ի վրա, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է սերտ եւ համակարգված աշխատել ու բաց երկխոսություն վարել իրանական կողմի հետ, նաեւ՝ գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, մտահոգությունները եւ դրանցով պայմանավորված դիրքորոշումները»,-վստահեցրեց Աննա Նաղդալյանը:
Մեկնաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Իրան, ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց. «Վարչապետի օրակարգում նման այց դեռ հստակեցված չէ, թեեւ այցեր Իրան նախատեսվում են: Իրանի հետ առանձնահատուկ հարաբերություններ պետք է զարգացնենք, եւ դա ամրագրված է նոր կառավարության ծրագրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ