Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք չենք ուզում ուրիշի ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով»

Օգոստոս 14,2018 14:54

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն եւ հավատացած եղեք` Հայաստանի Հանրապետությունում չկա, գոյություն չունի որեւէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Ով կանգնի այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում` ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի: Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Օրինականության հաստատման ճանապարհը այլընտրանք չունի»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ օգոստոսի 14-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ձեւակերպմամբ. «Բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով եւ ձեւերով, բայց ուզում եմ նաեւ ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ, ՀՀ պետականության, ժողովրդի, օրինականության առաջ:

Եվ մենք նաեւ այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում եւ այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետեւ մենք չենք ուզում ուրիշի ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով: Չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել ՀՀ պետական բյուջե եւ ծառայեցնել ժողովրդի ու պետության կարիքներին:

Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացած ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին, եւ ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, որովհետեւ ՀՀ-ում կա մի տեր, մի իշխանություն եւ այդ մի տերը, մի իշխանությունը ՀՀ քաղաքացին է»:

Նա կոչ արեց բոլորին օգոստոսի 17-ին 18:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ իր խոսքով` կամփոփվի Հայաստանի քաղաքացու իշխանության 100 օրը եւ կխոսվի քաղաքացու իշխանության եւ ժողովրդական իշխանության հաղթարշավի, արդյունքների, հետագա հաղթանակների մասին:

«Ոչ ոք չի կարող խլել հայ ժողովրդի հաղթանակը եւ դա օգոստոսի 17-ին ժողովուրդը ցույց կտա»,-ասելիքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/222445755088080/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031