Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թեժ վեճ՝ «3-րդմասցի Լյովիկ»-ի սպանության գործով նիստում. «Մի վայրկյանում որդուս կյանքը խլեցին»

Օգոստոս 14,2018 13:36

Քրեական աշխարհում «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Ղազարյանի սպանության գործով հերթական դատական նիստում այսօր, վերջապես, ներկայացել էր տուժողների իրավահաջորդներից մեկը, որի հայտարարությունները դատարանի դահլիճում թեժ վեճերի պատճառ հանդիսացան: Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (քրեական աշխարհում հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը(«Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկ», եւ նրա երկու ընկերներին՝ Դրաստամատ Թադեւոսյանին եւ Մեսրոպ Նազարյանցին սպանելու համար:

Մեսրոպ Նազարյանցի իրավահաջորդը դատարանում՝ նրա մայր Անժելիկա Նազարյանցը, արտերկրից էր եկել եւ այս գործով որպես տուժողի իրավահաջորդ է հանդիսանում: Ասաց, որ մինչ այդ ի վիճակի չէր ներկայանալ: Նրան, ըստ ընթացակարգի, գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք տրվեց: «Պահանջում եմ, որ ցմահ ազատազրկում տաք: Ես ունեի-չունեի՝ մի երեխա ունեի, ոչ մեկին իրենից բացի՝ չունեի: Միայնակ երեխա եմ մեծացրել, բայց նրանք մի վայրկյանում խլեցին այն»,-մատնացույց անելով երեք մեղադրյալներին՝ ասաց տիկինը:

Ապա մայրը հարցադրում արեց. «Ո՞վ են նրանք, որ կարողացան նման բան անել: Եթե ցմահ չտաք, մինչեւ վերջ գնալու եմ: Օրը ցերեկով ոնց ուզում՝ կրակում են: Իրենցից բացի իրենց պապաներն էլ պետք է պատիժ ստանան, որովհետեւ նրանց մեջքին կանգնած են»: Մեղադրյալները կնոջ ասածները չկարողացան լուռ լսել ու տեղից ռեպլիկներ արեցին: «Լավ սովորած՝ եկել է…մենք էլ չենք իմանում ինչի համար ենք այսքան ժամանակ նստած»,-ասաց Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը»: Նրա խոսքերը հունից հանեցին սպանվածների հարազատներին, որոնք բղավեցին մեղադրյալների վրա: Վերջիններիս հարազատներն էլ իրենց հերթին բղավեցին: Կատարվածի համար մի կողմը մյուսին էր մեղադրում:

Սպանվածների հարազատներից մեկն էլ մեղադրյալների պաշտպաններից փաստաբան Լուսինե Սահակյանի վրա բարկացավ՝ գոռալով. «ինչո՞ւ ես ժպտում»: Լուսինե Սահակյանն էլ իր հերթին բղավեց՝ «ձայնդ կտրի՜»: Նոր վիճաբանություն տեղի ունեցավ, դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ստիպված ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում փոխադարձ գոռգռոցները չէին դադարում: Դատավարությունը հասել է մեղադրյալների պաշտպանական ճառերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031