Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր հյուրերի սպասեք»․ Սամվել Բալասանյանը՝ նախկին վարչապետի հյուրանոցի մասին

Օգոստոս 14,2018 12:59

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խոսելով «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերը վերականգնելու անհրաժեշտության մասին, նշեց, որ որպես քաղաքապետ ու գյումրեցի՝ իր սիրտը ցավում է, երբ վերականգնելուց անգամ մեկ քար խախտվում է պատմական տեսքից։

«Ես Ռուսթավելի փողոցի վրա վերականգնեցի մի հյուրատուն, որն օրինակելի դարձավ ամբողջ քաղաքի համար, մի քար չեմ խախտել։ Այսօրվա դրությամբ սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք օրինակ ծառայել։ Օրինակ՝ նախկին վարչապետը շենք վերցրեց, կառուցում է, գեղեցիկ կառույց է ստացվել։ Իհարկե, շատ լավ տեղ է և շատ կարևոր հյուրեր կունենանք հետագայում՝ եթե որպես ռեստորանային համալիր սկսի աշխատել»,-ասաց քաղաքապետը։

Aravot.am-ի դիտարկմանը՝ թե պատմական շենքը վերականգնելիս՝ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը շեղվեց նախագծից, չպահպանեց ֆասադը, Սամվել Բալասանյանն ասաց․

«Շատ քննարկումներ եղան, քննարկվեց նաև պատմական շենքը փլուզելու հարցը, բայց վերջնական եկան այն եզրակացության, որ անպայման սալապատեն, ամրացնեն, որպեսզի կարողանան շենքն այդպես պահպանել՝ նույնիսկ լուսամուտների, դռների տեսքը։

Ուղղակի տեսքը հնարավոր չէր պահել, որովհետև հիմքերը խարխլված վիճակում էին, նկուղային մասը լրիվ խարխլված էր, շատ ավելի մեծ ծախս կատարվեց ամրացման վրա, քան թե քանդեին, նորից սարքեին։ Իհարկե, հարցը քաղաքաշինական խորհուրդով անցավ, մշակույթի նախարարությունով, եղան նաև տարբեր կարծիքներ, որ պահենք, բայց պահպանել հնարավոր չէր։

Կան շենքեր, որոնք պահպանել հնարավոր չէ, օրինակ այսօր «Պայտաձև բերդը» փլվում է, ես ափսոսում եմ։ Ես «Սև ամրոցն» ամրացրեցի, այլապես չէր լինի այսօր․ քարերը գողանում, տանում, տներ էին սարքում։ Հիմա պիտի փրկել «Պայտաձև բերդը», դրա համար մշակույթի նախարարությունը պիտի աջակցի, ոչ թե միայն ասեն՝ չի կարելի, չի կարելի․․․ Էդպես չէ, պետք է մենք կարողանանք հստակ հասկանալ, որ սա Գյումրի քաղաքն է, պատմական արժեքները 18-րդ դարից մինչև հիմա տեսել են երկու երկրաշարժ՝ 1926 թվական, 1988 թվական։ Լավ է, որ դեռ պահպանվում է, մենք պիտի կարողանանք պահպանել, թեկուզ սալապատման եղանակով, ինչ-որ մի տեղ էլ սխալ լինի մշակութային արժեքից, բայց պիտի պահպանվի։ Գնացեք Եվրոպան տեսեք, այ մարդ, ո՞նց են պահպանում, Լոնդոնում ո՞նց են պահպանում, վրացին ո՞նց է պահպանում։ Մենք էլ էդպես պահպանենք, այլապես կկորցնենք մեր հազարավոր շենքեր։ Հիմա Հանսեղօղլյանի վրա մի պատմական շենք փլվում է, բնակիչը գումար չունի վերականգնելու, մշակույթի նախարարությունը չունի գումար։ Ինչ-որ բան պիտի մտածվի, ինչ-որ կառավարության որոշում պիտի լինի,նոր օրենք։ Այսինքն՝ ինչ-որ մի ճանապարհ պիտի գտնենք, որպեսզի կարողանանք վերականգնել, թեկուզ էժան վարկեր տանք այդ բնակիչին, որ ինքը վերանորոգի կամ այդ մարդուն պիտի տեղափոխենք , շենքը վաճառենք, ինչ-որ բան պիտի անենք, որ կարողանանք փրկել շենքերը։ «Պոչտայի» շենքը պիտի վերականգնենք, «Վառեմ-Մարեմի» շենքը, շատ ափսոս է, մշակույթի նախարարությունը չի կարող, գումար չունի։ Ու շատ այդպիսի շենքեր․․․ Պիտի գտնենք, մարդուն համոզենք, ինչ-որ վարկեր տանք, որպեսզի պահպանենք մեր պատմական արժեքները, ո՞նց պահպանենք, ես՝ որպես քաղաքապետ անգիր տեսնում եմ այս ամենը։

2000 թվականին, ես գարեջրի գործարան կառուցեցի, ընդամենը մեկ պատ կար կիսատ, որի լուսանկարները ունենք, բայց մենք վերականգնեցինք ու պատմություն վերականգնվեց, Ծաղիկովի գործարանի պատմությունը վերականգնվեց։ Հիմա ամեն մի տունը իր պատմությունն ունի, մենք պիտի կարողանանք իրոք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մեր «Կումայրի» արգելոցը փրկել, ոչ թե խանգարենք, ընդհակառակը պետք է ինչ-որ ուղղություն տանք, համագործակցենք և կարողանանք պետական օրենքների սահմաններում հնարավորինս ամեն ինչ անել փրկելու համար, ուղղակի պետք է կառավարության նոր որոշումներ, նոր օրենքներ։ Այլապես ասենք «Պայտաձև բերդը» փլվում է, երևի թե ոչ մեկի պետքը չէ, բացի ինձանից, բոլոր տեղերում ասում եմ՝ բերեք մասնավորեցնենք, մարդ ման գանք, տանք, որպեսզի համալիր սարքեն։ Էսօր վրացիները ո՞նց կարողացան իրենց բոլոր բերդերը վերականգնել ու տուրիզմը զարգացնել։ Տուրիզմն այնպես է զարգացել, որ տեսնում եք Լարսում ինչ վիճակ է։ Մի քանի օր առաջ Բաթումիից մարդիկ եկան, պատմում էին, թե Ռուսաստանից այնպիսի հոսք է եղել տուրիստների, զարմացած, ապշած էին, որ նույնիսկ տեղ չկար շարժվելու։ Այդպիսի վիճակ է Բաթումիում, այսինքն՝ մարդիկ հասան այդտեղ։Մենք էլ կարող ենք չէ՞ մեր բերդերն ու պատմական արժեքները վերականգնել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031