Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել կանչի մեկնած բուժքրոջը

Օգոստոս 14,2018 11:58

Օգոստոսի 12-ին, ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բաժանմունքը ստացել է հերթական ահազանգը: Մարզի Գուգարք համայնք մեկնած շտապօգնության խումբը փորձել է օգնություն ցուցաբերել ոտքի կոտրվածք ստացած 38-ամյա կնոջը: Շտապօգնության բուժքույր Հայկանուշ Մարիկյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչ ինքը փորձում էր օգնել տուժած կնոջը, վերջինիս ամուսինը սկսել է հայհոյել ու խփել իրենց. «Գնացել եմ կանչի վայր, իմ պարտականությունները կատարել եմ, անշարժացրել եմ ոտքը, ցավազրկել եմ եւ տեղափոխել հիվանդանոց: Բայց սարսափելի հայհոյանքներ ու վիրավորանքներ լսելով: Այդ կնոջ ամուսինը իմ վրա հարձակվեց, վարորդիս վրա հարձակվեց: Տեղափոխեցինք հիվանդանոց, եւ հիվանդանոցի բակում ոտքով հարվածեց իմ ձախ ազդրին: Ոտքս չէի կարողանում շարժել»:

Տիկին Հայկանուշի խոսքով տղամարդն իրենց հետ սկսել է վիճել մեքենայի պատճառով. «Խմած չէր է, ահավոր հարբած էր, անկառավարելի էր դարձել: Ասում էր ինչի՞ չեք ֆորդով եկել, ինչի՞ եք ՈւԱԶ մեքենայով եկել: Դուք էս ինչ աշխատողներ եք եւ այլն.. Բայց այդ տեղանքն այնքան վատ տեղանք էր, որ այդտեղ ուրիշ մեքենայով գնալ հնարավոր չէր: Իր կնոջ ոտքն էլ այդ տեղանքում էր կոտրվել: Անձրեւը եկել էր, ցեխ էր այդտեղ, եւ այդ պատճառով էլ կնոջ ոտքը կոտրվել էր: Շատ անվայել ձեւով էր իրեն պահում: Հիվանդանոցում էլ սկսեց վիճել, հարձակվեց բոլորի վրա, հայհոյեց: Հիվանդանոցի աշխատակիցները դիմեցին ոստիկանությանը»:

38 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույրը, 18 տարի է աշխատում է շտապօգնությունում: Ասում է՝ իր աշխատանքային պրակտիկայում սա առաջին դեպքն է. «Ինձ հետ առաջին անգամն էին նման անվայել ձեւով պահում իրենց: Ես բոլոր հիվանդների տուն եմ մտնում, ինձ այնքան լավ են ընդունում, շատ բարեհամբույր ձեւով: Բայց հիմա շատ վիրավորված եմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031