«Ամերիկայի ձայն». Թուրքիան փորձում է հակազդել իր ազգային արժույթի անկմանը՝ մեղադրելով ԱՄՆ-ին տնտեսական պատերազմ մոգոնելու մեջ: Իսկ Վաշինգտոնում հնչել են Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչեր:
Թուրքիայի իշխանությունները դիմել են տնտեսական մի շարք միջոցների՝ թուրքական արժույթի ուժեղացման համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան այս տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի ավելի քան 40 տոկոսը: Դրան նպաստել էր նաև երկրի բարձր պարտքը: Թուրքիայի իշխանությունները փորձում են զսպել աճող սղաճը։
Նախագահ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և մի շարք այլ երկրների Անկարայի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մեջ՝ քննադատելով Թրամփի վարչակազմի որոշումը հավելյալ մաքսատուրքեր սահմանել մետաղի և ալյումինի ներկրման համար:
Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակվում են մնալ լարված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման, ռուս-թուրքական զարգացող հարաբերությունների ու ԱՄՆ-ում ապաստան գտած թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի պատճառով: Անկարան վերջինիս մեղադրում է հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ և պահանջում հանձնել նրանք թուրք իրավապահներին:
Վերլուծաբաններն արձանագրում են, որ Թուրքիայի տնտեսությունն ամիսներ ի վեր գտնվում է դժվար կացության մեջ: Նրանց կարծիքով նախագահ Էրդողանի սպառնալիքը, որ Անկարան նոր դաշնակիցներ ձեռք կբերի և նոր դաշինքներ կկազմի, չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ որքան երկար տևի այս հակադրումը, այդքան այն ավելի մեծ վնաս կհասցնի գլոբալ տնտեսությանը:
Այս իրավիճակում Վաշինգտոնում սկսեցին հնչել հակաթուրքական կոչեր՝ ուղղված նախագահ Թրամփին, որոնց թվում էր նաև կոնգրեսական Թեդ Լյուի հայտարարությունը, ուր վերջինս կոչ է անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Կոնգրեսականն իր թվիթերի էջում գրել է, որ համամիտ է նախագահ Թրամփի որոշման հետ, քանի որ Թուրքիան գնալով դառնում է ավելի ավտորիտար և հակաամերիկյան: Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ-ն այլևս չպետք է անտեսի պատմական փաստերը և ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: