Ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ սիրողական առաջնության արդյունքների ամփոփումից հետո պարգեւատրման արարողության ժամանակ մեդալի արժանացած մասնակիցներից Օլեգ Դուլգարյանը ձայն խնդրեց. «Շնորհակալություն ենք հայտնում այս առաջնության կազմակերպիչներին: Մեկ անգամ եւս ուզում եմ փաստել, որ նմանատիպ միջոցառումը շատ կարեւոր է հատկապես այս փուլում, երբ մենք ապացուցում ենք, որ այս ձորի գետը մեզ պետք է չապականված: Դեբեդն իրավունք չունի ապականվելու:
Դեռ նախկին կառավարությունը Դեբետ գետի վրա ՀԷԿ կառուցելու որոշում է կայացրել՝ մի շատ մեծ կառույց, որը 25 կմ երկարություն պետք է ունենա: Այս միջոցառումը մեկ անգամ եւս փաստում-ապացուցում է, որ Դեբեդ գետը եւ այս ձորը իրենց գոյությամբ կարողանում են հետաքրքրություն ներկայացնել եւ եկամուտ բերել մեր ազգին ու հանրապետությանը, որ այս ձորը իր գոյությամբ՝ պատմական, մարդաբանական, շատ կախված է Դեբեդ գետից: Եվ ոչ մի կերպ չպետք է թույլ տրվի, որ Դեբեդն ապականվի: Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեկ անգամ եւս ի ցույց դնենք մեր պահանջները», – ասաց բնապահպան մարզիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ