Վրացական կողմի առաջարկած բեռնափոխադրման նոր երկաթուղին, որը պետք է այլընտրանք դառնա Վերին Լարսին և Վրաստանը կապի Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, կարող է գրավիչ լինել Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար և որոշակիորեն կընդլայնի ռուս-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները: Trend գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի փորձագետ Արչիլ Սիխարուլիձեն:
Նախաձեռնությունն ավելի վաղ առաջ էր քաշվել «Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիթ Ցեցխլաձեի կողմից։
Սիխարուլիձեն կարծում է, որ նոր երկաթուղին կարող է զգալիորեն բեռնաթափել Վերին Լարսը, և այն միանգամայն ռացիոնալ տարբերակ է Վրաստան մեկնող զբոսաշրջիկների, ինչպես նաև ռուսական շուկա վրացի մատակարարների համար ժամանակի խնայողության տեսանկյունից:
«Ենթադրում եմ, այդ առաջարկը Վրաստանում կքննարկեն նախագահական ընտրություններից հետո, որը սպասվում է ընթացիկ տարվա աշնանը»,- ասել է վերլուծաբանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ