Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օգոստոսի 17-ին լրանում է Հայաստանի վարչապետ, սիրո, տոլերանտության և ամբողջ հայության միավորման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պաշտոնի ստանձնման 100-րդ օրը: Նիկոլ Փաշինյանը այդ օրը Երևանում հայտարարել է հանրահավաք: Ես, որպես հայ, քաղաքացի, անպայման կմասնակցեմ այդ հանրահավաքին: Փաստորեն ես առաջին այն արցախցիներից եմ, որը աջակցեց հեղափոխության գաղափարներին և ֆեյսբուքյան իմ էջը դարձրել էի Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ քարոզչության հարթակ:
Իշխանության բոլոր ճյուղերում տիրող համընդհանուր անարդարությունը, լայնամասշտաբ կաշառակերությունը, հայ ժողովրդի ֆիզիկական և քաղաքացիական անվտանգության ցածր մակարդակը, հայի կերպարի դեգրադացիան այն որոշ երևույթներն են, որոնք ստիպեցին հայ ժողովրդին կանգնել Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների կողքին ու սկսել հեղափոխություն՝ Հայաստանի հասարակական-քաղաքական առողջացման նպատակով:
Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովրդի տրամադրության և գիտակցության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ: Ես ոգևորված եմ այն բոլոր գործընթացներով, որ տեղի են ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո: Իհարկե, նոր կառավարության գործողությունների մեջ կան լուրջ բացթողումներ, բայց, ընդհանուր առմամբ, մենք՝ հայերս, պետք է հպարտ լինենք, որ անկախության ձեռքբերման ժամանակներից ունենք մոտիվացված կառավարություն, որը զբաղվում է մեր հասարակությունում անարդարությունը և կաշառակերությունը արմատախիլ անելու, հայրենիքի անվտանգության համակարգը ամրապնդելու և մոդեռնիզացնելու, տնտեսության և ներդրումների համակարգում մտածելակերպը և գործողությունները ձևափոխելու, Հայաստանը սոցիալական արդար պետություն դարձնելու, Հայաստանի և Արցախի միջազգային հեղինակությունը բարձրացնելու և այլ գործերով:
Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները ինչպես մարտի 1-ի, այնպես էլ այլ հանցագործությունների բացահայտումները հասցնեն ավարտին: Առանց արդար, օրինական, թափանցիկ դատական վճռի մենք չենք կարող մեզ անվանել արդար ազգ և շարժվել առաջ: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն և այս հարցում փոխզիջումը անտեղի է:
Որպես Արցախի քաղաքացի, ես չեմ կարող չարտահայտել իմ համակրությունը Նիկոլ Փաշինյանին և նրա խմբին, ովքեր ձգտում են պաշտպանել Արցախի շահերը միջազգային ինստիտուտներում, Արցախի ղեկավարությանը դարձնել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի միջազգային-իրավական կարգավորման գործընթացի մասնակից:
Ահա սրանք են այն որոշ գործընթացները, որ տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում և որոնք էլ ինձ համոզում են գնալ Երևան և ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հանրահավաքին՝ աջակցելու նոր, հեղափոխական, մեր եռամիասնության՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, կառավարության գործունեությանը:
Կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր հայության ճակատագրին, մասնակցել այդ մեծ միջոցառմանը և աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դարձնել հայերի երազանքը իրականություն»: