Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից ու արդեն մեկնել է». Ռուբեն Սահակյան

Օգոստոս 13,2018 17:28

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահել չեն կարող, նա անձեռնմխելի է, հետեւաբար բեկանվեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Քոչարյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բավարարված է դատարանի որոշումով. «Վերաքննիչ դատարանը վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»:

Այսինքն, որոշման համար հիմք չի հանդիսացել ոչ պատգամավորների երաշխավորագիրը, ոչ գրավի առաջարկը. «Օգտվում է իր անձեռնմխելիության իրավունքից: Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության՝ իր պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»:

Սահակյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական էր: Հարցին՝ դատավարությունը հիմա ի՞նչ ընթացք կստանա, ի՞նչ եք կարծում՝ փաստաբանը կատակեց. «Այդ հարցը տվեք քննչական մարմիններին, չեմ ուզում խոսել, որովհետեւ քննիչն ասաց՝ արգելում եմ խոսել»:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից ու արդեն մեկնել է, թե ուր է գնացել՝ Սահակյանն ասաց, որ չգիտի, չի հարցրել, թե ուր է գնում:

Փաստաբանն ասաց, որ կսպասեն քրեական հետապնդման մարմնի գործողություններին, կարծում է՝ կբողոքարկեն:

Մեր հարցին՝ եթե անձեռնմխելիության հիմքով է Քոչարյանն ազատվել, այսինքն, քրեական գործն է՞լ պետք է կարճվի՝ Սահակյանը պատասխանեց, որ դա հետագայի հարց է: Մենք ճշտեցինք՝ այդ հիմքով հնարավո՞ր է կարճվի՝ նա պատասխանեց. «Շատ: Կարող են առանց դատարանի որոշման էլ ինքնուրույն գալ այդ կարծիքին»:

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ «Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ես մի տեքստ եմ պատրաստել: Հարց՝ եթե կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունից բխող գործողությունների համար, ապա իր լիազորությունների ժամկետում իր կարգավիճակից բխող գործողությունների համար հետապնդելու եւ պատասխանատվության ենթարկելու համար չպե՞տք է գործեր համապատասխան ընթացակարգ, ինչպիսին, օրինակ, սահմանված է Սահմանադրության 96 եւ 193 հոդվածներով պատգամավորի եւ ՄԻՊ-ի համար, չէ՞ որ նրանց համար սահմանված է այդ ընթացակարգը: Եթե նրանց քրեական հետապնդման են փորձում ենթարկել, ԱԺ-ն պետք է տա իր համաձայնությունը: ՀՀ նախագահի համար նման կարգ չի սահմանվել, որովհետեւ չի՛ կարող ենթարկվել պատասխանատվության: Ինչ վերաբերվում է պաշտոնավարումից հետո պատասխանատվության ենթարկելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ չի՛ կարող ենթարկվել»:

Մենք ճշտեցինք՝ առհասարա՞կ՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Առ-հա-սա-րա՛կ: Նայեք այլ պետությունների սահմանադրությունները»:

Սահակյանն ասաց, որ այս պահի դրությամբ Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի:

Մեր հարցին՝ այսինքն, ստացվում է, որ նախագահը, եթե նույնիսկ հանցագործություն է անում, նա չպե՞տք է առհասարակ ենթարկվի պատասխանատվության՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Եթե հանցագործություն է կատարում իր կարգավիճակից չբխող գործողությունների համար, ենթարկվում է, եթե բխող, ապա՝ ոչ»: Հարցին՝ Մարտի 1-ը չբխո՞ղ է՝ նա պատասխանեց. «Սա բխող է, դրա համար օգտվեց անձեռնմխելիության իրավունքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՀՅԴ-ի նամակը Էնվեր փաշային, թե 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով:

    Նոր եմ հասկանում թե ինչքան ճիշտ են եղել այն դաշնակները, նույն չափ այնքան ինչքան որ հիմա հանցագործին արդարացնում է առաջին ատյանի դատարանը:

    Հայն Հայաստան չի վերադառնա, քանի որ շուտով այդ նույն հանցագործն «ՌՈԲ» կլինի Նիկոլին փոխարինող վարչապետն:

    ՀՊԿ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031