Իրանի եւ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող նոր պատժամիջոցներն ավելի են սաստկացնում Հայաստանի արտաքին մարտահրավերները: Այս կարծիքին է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց`իր կարծիքով, անկախ ՀՀ նոր կառավարության գնահատականներից, հայ-ռուսական հարաբերություններում լավագույն ժամանակները չեն: Նման եզրահանգման համար նրան հիմքեր են տալիս նաեւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը`Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ, Փանիկի դեպքերը: «Մենք պետք է կարողանանք հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել փոխվստահության փուլ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի կողմից ստորագրված փաստաթղթին`Կասպյան ավազանի կարգավիճակի վերաբերյալ, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Բացի էներգառեսուրսների եւ էներգակիրների տարհանումից, որը նոր Ադրբեջանին զինվելու նոր ռեսուրսներ կտա, այդ փաստաթղթում խնդիր է դրվում`այլ պետության զինված կառույցներ այդ տարածաշրջանում չեն լինելու: Այսինքն, դա ուղղված է Եվրոպային, ԵՄ-ին: Այդ երկրները նշյալ տարածաշրջանում բացառում են այլ երկրների ռազմական ներկայությունը: Սա նշանակում է, որ այդ երկրների միջեւ ռազմաստրատեգիական պակտ է կնքվում եւ մենք այստեղ շատ լուրջ մտածելու բան ունենք: Պակտին միացած երկու պետությունները Հայաստանի հարեւանն են, մեկի`Ադրբեջանի հետ մենք շատ լուրջ խնդիր ունենք, Իրանն էլ Հայաստանի կենսունակության համար էական նշանակություն ունի: Սա չտեսնել, սրա մասին չխոսել, քաղաքական օրակարգի հարց չդարձնել, այլ պատրաստվել օգոստոսի 17-ի հանրահավաքին`ճաշակի հարց է: Բարեկամներ, ՀՀԿ-ականները գնացել են, մենք չենք իշխանության, դուք եք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ