«Չտեսնված բան է, երբ նախկին նախագահին կալանավորում են. հրավիրում են, որպես վկա, հետո, կես ժամվա ընթացքում, ասում են`դուք կալանավոր եք: Կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, այդ ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չկար կես ժամ առաջ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրա կալանքը փոխելու համար պատգամավորների ստորագրահավաքին:
Լրագրողներից մեկը նկատեց`նախկին իշխանավորները Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շուրջ կատարվողը վենդետա եւ քաղաքական հետապնդում են համարում, մինչդեռ մամուլում տարբեր գործիչներ քանիցս փաստեր են հրապարակել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղած քաղաքական հետապնդումների մասին: Էդուարդ Շարմազանովն ասաց`նախկինում ինչ ասել է 2008-ի «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին, հիմա էլ ուժի մեջ է: Հիշեցնենք, ինքն այդ ամենը համարում էր «տոտալ ատելության քարոզի» արդյունք:
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, նաեւ, որ 2008-ի իրադարձություններից հետո էլ ինքը միջնորդել է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին` Նիկոլ Փաշինյանի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները վարող Սուրեն Սուրենյանցին կալանքից ազատելու համար:
«Չեմ կարող ասել` սա Փաշինյանի պատվերն է։ Միգուցե իրավապահները շտապում են, միգուցե`որոշ իրավապահներ ուզում են հաճոյանալ իշխանությանը։ Բայց ակնհայտ է, որ նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական ու անձնական միտում կա։ Մեկը կարող է ասել` վենդետա, վրեժխնդրություն, սա որակումների հարց է։ Փառք աստծո, մենք դեռ ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, և դեռ կան պատգամավորներ ու գործիչներ, որոնք հանդգնում են գործող իշխանությունից տարբերվող կարծիք հայտնել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նաեւ զարմանում է` եթե ներկայիս իշխանավորները պետք է շարունակեն, այն ամենն, ինչ ՀՀԿ-ի ժամանակ իրենք համարում էին ոչ ճիշտ, ապա ինչո՞ւ են եկել իշխանության:
Իսկ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքները ԱԺ փոխխոսնակը համարում է «ոչ լիարժեք են ու անլուրջ»։
Այլ մանրամասները` տեսանյութում
Իսկ 2008-ի «Մարտի 1»-ի, 1999-ի «Հոկտեմբերի 27-ի, 1996-ի սեպտեմբերյան դեպքերի հիմնական դասը համարում է այն, որ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, որ որեւէ քաղաքական գործիչ իրավունք չունի գնալ արմատական ճանապարհով, որը չի բխի ՀՀ Սահմանադրությունից. «Իսկ ամենակարեւորը` հանդուրժողականության մթնոլորտում: Երբ ասում են սիրո եւ համերաշխության հեղափոխություն, այդ ամենը նախ պետք է լինի հանդուրժողականության մթնոլորտում: Դժբախտաբար, դա ես դեռեւս չեմ տեսնում: Միգուցե իրենք իրար մեջ ունե՞ն հանդուրժողականություն, բայց դա պետք է լինի բոլորի շուրջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ