Այսօր բարեգործություն անելու նպատակով Գյումրու «Շիրակ կենտրոն» էր այցելել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին։ Նա գրենական պիտույքներ, աշակերտական հագուստ ու կոշիկներ բաժանեց երեխաներին։
Դեսպանությունը 550 տոպրակ էր նախատեսել դպրոցահասակ երեխաների համար, դրանցից 60-ը դեսպանն անձամբ հանձնեց նրանց։
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, իր շնորհակալությունը հայտնելով դեսպանին, ասաց, որ անցած տարի երեխաներից մեկի ընտանիքի անդամները ստիպված են եղել իրենց մազերը կտրել, վաճառել, որ կարողանան երեխային դպրոց ուղարկել։
Մենք դեսպանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն այլ ծրագրեր, որոնք մտադրված են իրագործել Գյումրիում։ Ըստ դեսպանի, Գյումրին իր ուրույն դիմագիծն ունեցող, յուրատեսակ քաղաք է։
Պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին ասաց, որ կան ծրագրեր, իրենք հիմնականում կենտրոնանում են կրթության ու առողջապահության վրա։ «Կապեր ենք հաստատում տարբեր ենթակառուցվածքների հետ, որպեսզի տեսնենք՝ ինչ այլ ծրագրեր ենք իրականացնելու»,- ասաց դեսպանը։
Մենք նաև հետաքրքրվեցինք Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ տնտեսական կապերի, ապրանքաշրջանառության մասին։ Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատելի է հարաբերությունների զգալի զարգացում՝ թե՛ զբոսաշրջության, թե՛ տնտեսական ոլորտում։
«Եթե 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում էր մոտ 2,5 միլիոնի, ապա 2017 թվականի տվյալներով՝ 200 միլիոնից ավելի է։ Եթե 2016 թվականին երկու երկրների միջև ավիափոխադրումներն ընդամենը 6-ն էին շաբաթական, 2017 թվականի վերջում արդեն շաբաթական 18 չվերթ է իրականացվում՝ Երևանի և Էմիրությունների միջև»,-ասաց դեսպանը։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե որքա՞ն հայեր են բնակվում Արաբական Միացյալ Էմիրություններում ու ինչո՞վ են նրանք հիմնականում զբաղվում։
«Հայերը հիմնականում առևտրի ոլորտում են աշխատում, բանկերում, արհեստավոր են, ինժեներներ են։ Նրանք հայտնի են նաև ոսկերչության ու թանկարժեք իրերի ոլորտում», -ասաց դեսպանը։
Նա դժվարացավ հրապարակել ԱՄԷ-ում բնակվող հայերի թվաքանակը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ