«Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին այդ միտինգային արշավի ժամանակ հայտարարում էր, որ պետք է կազմաքանդենք պետական ապարատը, և դուք հիշո՞ւմ եք, որ մի քանի փոխնախարարներ, պետական չինովնիկներ աշխատանքից դուրս էին գալիս և հայտարարում էին, այսպես կոչված, համաժողովրդական շարժմանը միանալու մասին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ներքաշում էին քաղաքական գործընթացի մեջ փաստացի ռազմական գերատեսչության երկու փոխնախարարների՝ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Սրանք պատմական փաստերն են, որոնք արձանագրված են տեսագրություններով, և դրանից անցել է ընդամենը 10 տարի: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին պարտվել է, փորձել է ներքաշել Երկրապահ կամավորականների միությունը ներքաղաքական պայքարի մեջ, հիշում եք՝ հարթակին կանգնած գոռում էին՝ Մանվել-Մանվե՜լ, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, Գագիկ-Գագի՜կ, խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է: Հարթակում էլ ովքեր էին կանգնած, գիտեք»,- ասուլիսում հայտարարել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս մասին հայտարարություն էր արել նաեւ Ռոբերտ Քոչարյանը`«Երկիր մեդիային» տված հարցազրույցում:
Արամ Մանուկյանը հիշեցնում է`այդ օրերին շատ քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ էին միանում շարժմանը, ինչը նույնպես Ռոբերտ Քոչարյանի համար ուժ կիրառելու առիթ եղավ: Արամ Մանուկյանը հիշեցրեց նաեւ, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո, ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի ցույցեր էին ընթանում, բայց երբ հրապարակվեցին որոշ փաստեր, մարդիկ հասկացան, որ այդպիսի հանցագործին չի կարելի պաշտպանել:
Նա հավատացնում է`այն օրը, երբ կհրապարակվեն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների հիմքերի ընդամենը մի մասը, նրա կողմից լավ վճարվող ֆեյքերը, փաստաբանները եւ լրատվամիջոցները «ձայները կկտրեն», քանի որ պաշտպանել այդպիսի հացագործի` անբարոյականություն է:
Aravot.am-ի դիտարկմանը` 2008-ին, երբ Ազատության հրապարակը վանկարկում էր «Մանվել, Մանվել»` ակնկալելով, որ գեներալ Մանվելը`միանալով համաժողովրդական շարժմանը, ծանրության կենտրոնն այդ կողմ կտեղափոխի, մինչդեռ Մանվել Գրիգորյանն այն ժամանակ էլ նույն սրիկան էր, Արամ Մանուկյանը հակադարձեց. «Ձեր գնահատականի մի բառի հետ համաձայն չեմ: Այն ժամանակ նույն մարդն էր, բայց նույն սրիկան չէր, որովհետեւ այդ հանցագործությունները չէր արել»: Նկատեցինք`այլ հանցագործություններ էր արել: Արամ Մանուկյանը շարունակեց. «Ռոբերտ Քոչարյանն էլ այդ ժամանակ այդ մարդը չէր, Սերժ Սարգսյանն էլ այդ մարդը չէր: Նրանք բոլորը, իսկապես, Ղարաբաղի հարցում եղել են հայրենասերներ»:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական երանգներ տեսնելը Արամ Մանուկյանը համարում է «մեյմունություն» եւ «ծաղր`հայ ժողովրդի նկատմամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ