ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ:
2018թ. օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջ ազդրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ նույն հասցեից բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1991թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, որսորդական հրացան և այլ իրեր:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատամատնադրոշմային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե