Արտաշատ քաղաքի խանութների 95 %-ը օգոստոսի 13-ին մինչեւ կեսօր չի աշխատել` ի նշան բողոքի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ցույցի կազմակերպիչներից Ալբերտ Հակոբյանը: Նա ասաց, որ Արտաշատի հարկային տեսչության դիմաց հանրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ գանձումների պետ Ռաշիդ Մախմուդյանի: Ցուցարարների հետ, ի թիվս այլոց, հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ալբերտ Հակոբյանի վկայությամբ, ՊԵԿ նախագահը խոստացել է ինչ-ինչ բարեփոխումներ անել եւ կատարվածի առնչությամբ ծառայողական քննություն սկսել:
Ալբերտ Հակոբյանը պնդում է, որ արտաշատցի տնտեսվարողներին հարկային տեռորի են ենթարկում եւ անտեղի տուգանքներ կիրառում:
«Նախորդ անգամները հարկատուներին կանչելով՝ տեսուչների միջոցով առաջարկում էին գումար վճարել, ասում էինք՝ ի վիճակի չենք, մի քանի անգամ, այնուամենայնիվ , վճարեցինք, բայց հետո դադարեցրինք: Դրանից հետո սկսվեցին հարկային հետապնդումները մեր հանդեպ, տարատեսակ ստուգումները: Ընդ որում, եթե առաջին օրը չէիր վճարում, հաջորդ օրը 7-8-10 հոգով էին գալիս…»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ցուցարարները Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, ասաց, որ իրենցից որեւէ մեկը կուսակցական չէ, Հովիկ Աբրահամյանի հետ ոչ նախկինում, ոչ էլ այժմ առնչություն չունեն. «Ի դեպ, իրենց (Աբրահամյանների-Գ.Հ.) պլազան Արտաշատում բաց է եղել եւ աշխատել է»:
Մեր զրուցակիցը նշեց. «Հանրահավաքից հետո ցուցարարների հետ հանդիպել են ՊԵԿ նախագահը, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը եւ ստուգումների պետ Զաքարյանը, ինչպես նաեւ նախարարը, նախարարի տեղակալը…Ներկայացրել ենք, որ սխալ ստուգումներ են կատարվում, առաջարկներ արել»:
Նա հավելեց, որ խնդիրը Արտաշատում համատարած բնույթ է կրում, եւ միայն Դավիթ Անանյանի հորդորից հետո են խանութները սկսել աշխատել: «Ի դեպ, տեսուչները մեղավոր չեն, Մախսուդյան Ռաշիդն է ստիպողաբար ամեն ինչ անում: Նա ՀՀԿ-ական Ռուստամ Մախսուրդյանի եղբայրն է, նախկինում էլ ինչ խնդիր եղել է, Մախսուդյան Ռաշիդն ակնարկել է, թե ում եղբայրն է եւ իրեն կպնել չկա: Այսօր էլ նրա մեքենայով էր եկել հարկային տեսչություն»,-ընդգծեց ցույցի կազմակերպիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ