ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հարեւան Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ վերջերս խստացված պատժամիջոցներից տուժելու է նաեւ Հայաստանը: «Իրանի հետ մեր առեւտուրը բարդանալու է, որովհետեւ պատժամիջոցների են ենթարկվելու անգամ իրանական արտադրության գորգերը: Այսինքն, պատժամիջոցներն Իրանի դեմ համատարած են լինելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է ԱՄՆ-ի հետ բանակցի այնպես, որ Իրանի դեմ վերջինիս պատժամիջոցների հետեւանքով ՀՀ-ի կրած վնասներն ինչ-որ կերպ փոխհատուցվեն. «Դա կարող է լինել ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող արտաքին օգնության ավելացման տեսքով, որի ծավալները ներկայում, ավելի քան երբեւէ՝ ցածր են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1895841313843222/
Փորձագետը մտավախություն ունի, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, ի վերջո, լուրջ ազդեցություն կունենան ՀՀ-ի վրա. «Եթե Իրանի էներգետիկ կազմակերպությունները եւս հայտնվեն պատժամիջոցների տակ եւ չկարողանան գործակցել ՀՀ-ի հետ, կարծում եմ՝ էներգետիկ ոլորտում վերանայումներ կլինեն»:
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ պատժամիջոցները սպառնում են նաեւ իրանական բանկերին եւ անհատ ֆինանսավորողներին, ինչը եւս սպառնալիք է ՀՀ-Իրան էներգետիկ գործակցության համար. «Տնտեսական ծրագրերը եւս կարող են հայտնվել պատժամիջոցների տակ: Ուստի, պետք է խոսել Վաշինգտոնի հետ, որպեսզի Իրանի դեմ պատժամիջոցները չհարվածեն նաեւ Հայաստանին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/457545818081007/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ