Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քննարկման թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաևը:
Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է առավել լայն հարաբերություններին՝ ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷՍ շրջանակում, այստեղ շատ մեծ օրակարգ կա, մեծ ծրագրեր, կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես որ այն, որ Դուք նոր ասացիք»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հայաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ դիմել են ՀԱՊԿ-ին՝ Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու առաջարկով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ