Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիան» աշխատակիցներին ծանուցագրեր է ուղարկում՝ աշխատանքից ազատելու նախազգուշացմամբ

Օգոստոս 13,2018 14:24

Այսօր առավոտից կառավարության առաջ «Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ, որոնք նաեւ ազդակիր համայնքների բնակիչներ են, բողոքի ցույց են անում՝ պահանջելով կառավարության միջամտությունը, որպեսզի դեպի հանք տանող ճանապարհները բնապահպաններն ազատեն, իրենք գնան՝ աշխատանքները շարունակեն: Նրանց խոսքով՝ արդեն 53 օր է` անգործ են, մատնված հարկադիր պարապուրդի եւ դեռ չգիտեն՝ որքան կտեւի այս իրավիճակը: Ցուցարարների խոսքով, «Լիդիան Արմենիայի» տնօրինությունն արդեն ծանուցագրեր է ուղարկում աշխատակիցներին՝ նախազգուշացնելով, որ աշխատանքից ազատում է:

«Վարկեր ունենք, վերցրած, հիպոթեքով բնակարաններ, երկարաժամկետ ծրագրեր ենք կազմել այս ընկերությունում աշխատանքի անցնելով, սակայն այսօր կանգնել ենք փաստի առաջ եւ տունը կորցնելու վտանգի առաջ»,-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Սարավանի բնակիչ, ընկերությունում տասը տարվա աշխատանքային փորձ ունեցող Հարութ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ «Լիդիան Արմենիան» իր գործունեությունն իրականացնում է օրենքի սահմաններում, մշտապես սոցիալական պատասխանատվության ծրագրեր է մշակում ու իրագործում:

Սերժ Վարագ Սիսեռյանը աշխատակիցների պահանջը լսելու համար ընդունել էր 5 ցուցարարի:

Գնդեւազ համայնքի բնակիչ Մխիթար Արշակյանը, որը նաեւ կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ է, ասաց, որ 53 օր է՝ չեն աշխատում եւ այսօր կանգնել են փաստի առաջ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց սպասել՝ մինչեւ կլինի փորձագիտական խմբի եզրակացությունը, բնապահպաններին էլ հորդորեց ճանապարհները բացել: Մենք լսեցինք վարչապետի խնդրանքը, իսկ բնապահպանները չկատարեցին այն եւ մինչ օրս խոչընդոտում են մեր աշխատանքներին, ճանապարհները փակ են պահում: Խնդրում ենք, որ գնան փոխզիջման եւ ճանապարհները բացեն, որպեսզի մենք մեր գործը շարունակենք: Հակառակ դեպքում աշխատանքը կկորցնենք»:

Ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ասաց, որ 53 օր սպասել են, 15 օր էլ սպասեն, քանի որ օգոստոս ամսվա վերջ փորձագիտական խումբը կտա իր եզրակացությունը:

Սերժ Վարագ Սիսեռյանը խոստացավ զրուցել «Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանի հետ եւ ծանուցագրերի հարցը քննարկել:

Ընկերության մեկ այլ աշխատակից Կերն Բադալյանն ասաց, որ իրենք առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել, եւ վստահ են, որ արդար որոշում կկայացվի, քանի որ իրենց ընկերությունը աշխատում է պահպանելով բոլոր օրենքները. «Ես վստահ եմ իմ կատարած աշխատանքի վրա եւ հավատացնում եմ, որ «Լիդիան Արմենիան» իր գործունեության ընթացքում որեւէ նորմ չի խախտել: Մենք կառավարությանն էլ ենք հավատում»:


Պարոն Սիսեռյանն ասաց, որ այս հարցում չի կարող որեւէ բռնություն լինել, քանի որ հեղափոխության ընթացքում էլ ոչինչ չեղավ բռնությամբ, պարզապես պետք է մի փոքր էլ համբերել՝ մինչեւ որ փորձագիտական խումբը կտա իր եզրակացությունը. «Այս հարցում բռնություն չի կարող լինել, խնդրում եմ զինվեք համբերությամբ, 15 օրից պարզ կլինի»:
Մխիթար Արշակյանն ասաց՝ որպեսզի բռնություն չլինի, այդ պատճառով էլ որոշել են գալ կառավարություն, այլ ոչ թե ընդհարման գնալ բնապահպանների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031