Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղացողը». Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը ներկայացվեց Վանաձորում

Օգոստոս 13,2018 13:46

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում: Լոռեցի մտավորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած գիրքը:

«Քըրք Քըրքորյանը շատ սիրված էր հայ ժողովրդի կողմից: Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա իր բնույթով շատ համեստ մարդ էր, և իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես շատ եմ ցանկանում, որ մեր ազգն ավելի լավ ճանաչի Քըրքորյանին, իմանա նրա մասին»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նա ներկաներին պատմեց նաև հրատարակչության գործունեության մասին, ինչպես նաև տեղեկացրեց, որ այս տարի «Էդիթ Պրինտ»-ը տոնում է ստեղծման 25-ամյակը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած «Խաղացողը» գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

ՀՀ գրողների միության նախագահության անդամ, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի ազգային հերոս Քըրքորյանը շատ բան է արել Հայաստանի համար:

«Ես 15-20 րոպեում ծանոթացա գրքի սկզբնական մասին, ծանոթացա ոճին, շարադրանքին: Զգացվում է, որ գիրքը պրոֆեսիոնալ գրող է գրել: Իսկ «Էդիթ Պրինտ»-ի կողմից էլ արժանվույն է պահպանվել տպագրական որակը: Քըրքորյանը հսկայական գործ է արել, նա արժանի է մեծարանքի բոլոր սերունդների կողմից: Նա շատ լավ օրինակ է հարուստների ու գործարարների համար, որպեսզի նրանք նույնպես իրենց հնարավորություններն օգտագործեն և ներդրումներ անեն, և օգնեն Հայաստանին»,-շեշտեց Միկոյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ ընդգծեց՝ իսկապես արժեքավոր գործ է հրատարակվել: Ըստ մտավորականի՝ այս գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Այն նաև դաստիարակող և ուսուցողական կարևորություն ունի: «Գիրքը պատմում է մի մարդու մասին, որը մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաև ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝ իր հայրենակիցներին, իր ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ մարդ է եղել նա»,- ընդգծեց նա:

«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին:

«Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031