Հարցին՝ ո՞ւմ կուզեիք տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում, Երևանում 25 հազար տաքսու վարորդներից 500-ի շրջանում անցկացված հարցման մասնակիցների 43 տոկոսը նշել է Հայկ Մարությանին, 2-րդ տեղում Արտակ Զեյնալյանն է՝ 19 տոկոս, 3-րդ տեղում՝ Արարատ Զուրաբյանը՝ 5 տոկոս, Զարուհի Փոստանջյանը՝ 5 տոկոս, Նաիրա Զոհրաբյանը՝ 3 տոկոս, ու բավականին մեծ զանգված՝ հարցվողների 25 տոկոսը, չէին պատրաստվում քվեարկել կամ դեռ չէին կողմնորոշվել:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը տեղեկացրեց, որ Հայկ Մարությանի օգտին քվեարկած 43 տոկոսից 40 տոկոսը հարցրել է՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն ո՞րն է, ուրեմն նրան էլ ընտրելու ենք:
Սերգեյ Գյոզալյանը հայտնեց՝ սա երրորդ հարցումն է, որն իրականացվել է երկու շաբաթ առաջ: Ըստ նրա՝ նման հարցումների նպատակն է պարզել տաքսու վարորդների քաղաքական դիրքորոշումը, որպեսզի պարզ դառնա՝ ում կողքին լինել, որպեսզի տաքսու վարորդների խնդիրներին անդրադառնա իրենց պատկերացրած լուծումներով:
Մեկ այլ հարցում էլ անցկացվել է այն մասին, թե որ քաղաքական ուժին են տաքսու վարորդները սատարելու, եթե ընտրությունները հենց այսօր լինեին: Այս առիթով Սերգեյ Գյոզալյանը մանրամասնեց. «Նախ ԵԼՔ դաշինք էին գրել ու հետո բազում կուսակցություններ նշել: Մեզ զարմացրեց այն, որ ԵԼՔ դաշինքի կուսակցություններին չնչին ձայներ տվեցին. բոլորը նշում էին հենց ԵԼՔ դաշինք: 20 տոկոսն էլ չէր կողմնորոշվել կամ չէին պատրաստվում քվեարկել: Մնացած կուսակցություններն էլ չնչին ձայներ հավաքեցին. ԲՀԿ 3 տոկոս, զարմանալի էր, որ ՀՀԿ-ն մեկ տոկոս ձայն հավաքեց: Մեկ հոգի էլ Ազատ դեմոկրատներ կուսակցությանը ձայն տվեց»:
Սերգեյ Գյոզալյանը, վերլուծելով հարցման արդյունքները նշեց՝ դրանք վկայում են այն մասին, որ Հայկ Մարությանի, ամբողջ կառավարության վարկանիշն այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է, ուստի պիտի լավ հասկանան, որ ցանկացած բացթողում վնասելու է ոչ թե իրենց, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին:
Տաքսիստները ցանկանում են մի հանդիպում կազմակերպել, որի ընթացքում Հայկ Մարությանը կներկայացնի իր պատկերացումները ոլորտի խնդիրների վերաբերյալ, և տաքսու վարորդներն ու շահագրգիռ ՀԿ-ները հնարավորություն կունենան նրան հարցեր հղել:
Սերգեյ Գյոզալյանի տեղեկացմամբ՝ իրենք դիմել էն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը խնդրանքով, որ ևս մեկ անգամ անդրադառնան ԱՊՊԱ ոլորտին, քանի որ շատ անարդյունավետ է գործում այն և աշխատում է գերշահույթներով: Տաքսիստները հույս ունեն, որ նոր կառավարությունը խնդրին լուծում կտա. «Խնդրել էինք, որ բոլոր վարորդների կուտակված պարտքերը, տույժերն ու տուգանքները վերացվեին, որ երբ լիցենզավորման գործընթաց է պետությունը սկսում, պարտավորություն է, որ այդ գործընթացը լինի այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում: Լիցենզավորումը ոչ թե մեքենաների թիվը հաշվառելն է և պետական բյուջե ֆիսկալ գործառույթ իրականացնելը, այլ այն նախ և առաջ իրականացնում է պետության կողմից գործունեության թույլտվություն»:
Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի գործունեության 100 օրը՝ Սերգեյ Գյոզալյանն ասաց՝ դեռ աշխատանքային գործընթաց է և արդյունքներ սպասելուն վաղ է, բայց մյուս կողմից էլ շեշտեց՝ ամեն մի անարդյունք օր հանգեցնում է նրան, որ ևս մեկ տաքսի ծառայություն է փակվում կամ սնանկանում:
Սերգեյ Գյոզալյանը նշեց, թե մտադրություն ունի վերադառնալ քաղաքականություն. առաջադրել է իր թեկնածությունը Երևանի ավագանու ընտրություններին: Դեռ չի ցանկանում փակագծեր բացել, բայց կառաջադրվի ԵԼՔ-ի շրջանակներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ