«Իշխանությունը զավթած նախկին գործիչները պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն: Նիկոլ Փաշինյանը չի հասցնում քաղաքական դաշնակիցների ձեւավորել, որոնք կտային նախորդ տարիների քաղաքական գնահատականը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: «Նախկին քաղաքական գործիչները ոչ միայն քաղաքական ծրագրեր են ունեցել, այլեւ քրեաօլիգարխիկ համակարգի վրա են գործել կառուցել: Այո, ինչ հիմա արվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, քաղաքական է»,-համոզմունք հայտնեց նա:
Ազատ Արշակյանի խոսքով, եթե նախորդ նախագահը ազատազրկվում է, դա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական մեղադրանք. «Բայց այդ գործում կարող են լինել նաեւ քրեական հանգամանքներ, որոնք պետք է պարզեն իրավապահները»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ Արցախի եւ ՀՀ-ի քաղաքական կառույցների արձագանքներին, Ազատ Արշակյանը կարծում է, որ դրանք ուղղակիորեն Ռոբերտ Քոչարյանին չեն ուղղված. «Դրանք անմեղության կանխավարկածը հարգելու փորձ են: Նրանք, ովքեր ասում են՝ «փոխեք խափանման միջոցը», այդ կերպ չեն պաշտպանում նրան: Խնդիրն այն է, որ կալանքի ինստիտուտը չարաշահվում է մեր երկրում»:
Նախկին պատգամավորը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահներին շատ կօգներ իր վարքագծով՝ յուրայիններին բացահայտելու առումով. «Եթե նա չազատազրկվեր, ինչ-որ հավաքույթներ կաներ: Կարծում եմ՝ նա հիմա էլ յուրայինների վրա ցուցմունքներ է տալիս: Նա ծանր հանցագործության կատարման համար է մեղադրվում: Թողեք իրավապահները պարզեն, թե ինչ է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ