Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին, մեջբերեց Ղուկաս Ավետարանչի կողմից հիշատակված ու Մարիամ Աստվածածնի կողմից արտաբերված խոսքերը. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38) և խոսեց այն բացառիկ խոնարհության և հնազանդության մասին, որը դրսևորել էր Սուրբ Կույսը Տիրոջ հանդեպ: Արշակ Սրբազանն ընդգծեց, որ մենք հնազանդ ենք Աստծուն՝ իրականացնելու այն առաքելությունը, որին կոչված ենք, և որ Մարիամ Աստվածածինը հնազանդվեց Աստծուն, որպեսզի լույս աշխարհ բերի Փրկչին:
«Մեր հավատքի հայրը՝ Գրիգոր Լուսավորիչը, հնազանդվեց Աստծուն՝ քրիստոնեության լույսը Հայոց աշխարհում տարածելու համար: Սուրբ Տրդատը հնազանդվեց Աստծուն, որպեսզի դառնա հովանավորը քրիստոնեությունը Հայաստանում տարածման, Ավարայրի և Սարդարապատի քաջերը հնազանդվեցին Աստծուն և զոհաբերեցին իրենց կյանքը՝ ի սեր քրիստոնեության և ի սեր հայրենիքի: Այդպիսի հնազանդություն էր նաև արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջամարտիկների զոհողությունը, այդպիսի հնազանդություն է նաև այսօր մեր ժողովրդի կողմից դրսևորված հավատարմությունն Աստծուն: Երբ մենք ասում ենք, որ հավատարիմ ենք Աստված քեզ, հնազանդ ենք քեզ, մենք ոչ ենք ասում բոլոր այն օտարամուտ բարքերին ու սովորույթներին, այլասերված նորամուծություններին, որոնք բացարձակապես չեն տեղավորվում մեր հավատքի շրջանակներում և մեր հոգևոր, կրոնական պատկերացումների մեջ: Եվ այսօր Աստվածածինն օգնության է եկել մեզ՝ իր հնազանդությամբ նորոգելու մեր հավատարմությունը, նորոգելու մեր ուխտը, որպեսզի շարունակենք հնազանդ լինել Աստծուն, բայց նաև երբևէ հանդուրժողականություն չդրսևորենք այն արատների, այն մեղքերի, այն շեղումների նկատմամբ, որոնք կարող են տեղ գրավել մեր ազգային-եկեղեցական կյանքում» -ասաց Արշակ Սրբազանը:
Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Ս. Տրդատի բաց խորանի վրա կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի