Ընտանիքը որպես ազատազրկվածի ուղղման դերակատար
Հայաստանը որդեգրել է վերականգնողական արդարադատության գաղափարը, որը քրեական արդարադատության կենտրոնում դնում է իրավախախտների վերականգնումը և վերաինտեգրումը հասարակություն: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որքան խիստ են մեկուսացման պայմաններն ուղղիչ հիմնարկներում, այնքան ավելի շատ ջանք է պահանջվում ազատությունից զրկված անձանց վերաինտեգրման համար: Այս առումով կարևոր է ընտանիքի և ընկերների հետ սերտ կապերի պահպանումը, ինչը դրական կանդրադառնա ազատությունից զրկված անձանց բարեկեցության և քրեական ենթամշակույթի ազդեցությունից խուսափելու վրա: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս գտնվող անձանց հետ կանոնավոր կապը կարող է խոշտանգումների և վատ վերաբերմունքի բացառման երաշխիք լինել: Եվ վերջապես, նման շփումները, ինչպես հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով և մշտադիտարկում իրականացնող առաքելությունների կողմից, ուղղակիորեն նպաստում են քրեակատարողական հիմնարկում լարվածության նվազմանը, ավելի դրական միջավայրի ձևավորմանը:
Հայաստանում ազատությունից զրկված անձանց բարեկեցությունը մեծապես կախված է ընտանիքի նյութական և բարոյական աջակցությունից, քանի որ մեր հիմնարկները ոչ միայն չեն տրամադրում անգամ նվազագույն հոգեբանական աջակցություն, այլ նաև չեն ապահովում ամենատարրական նյութական կարիքները (անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ):
ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեսակցություն` մինչև չորս ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ։ Երկարատև տեսակցության տևողությունը, ի դեպ, բացառիկ է և կարող է համարվել եվրոպական բանտային համակարգի լավագույն փորձ:
Այնուամենայնիվ, չնայած լավատեսական «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեսակցություն» բանաձևին և հնարավոր ամենաերկարատև տեսակցության ամրագրման փաստին, գործող օրենսդրությունը և պրակտիկան մի շարք մտահոգությունների տեղիք են տալիս, եթե համադրում ենք դրանք ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության ընդունված միջազգային չափանիշների և տարբեր երկրների քրեական արդարադատության համակարգերի լավագույն փորձի հետ: Դրանք են․
- չնայած քրեակատարողական օրենսգրքի «ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև տեսակցություն» ձևակերպմանը` նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ ազատազրկման դատապարտված անձին տարվա ընթացքում կարող է տրամադրվել առավելագույնը 14 տեսակցություն։ Ըստ այդմ, պրակտիկայում ամսվա ընթացքում «առնվազն մեկ կարճատև տեսակցություն» բանաձևը վերափոխվում է «առավելագույնը մեկ տեսակցություն» բանաձևի, ինչը խոչընդոտում է վերականգնման և վերաինտեգրման ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Միջազգային չափանիշները պահանջում են, որ արտաքին աշխարհի հետ կապերը չշահարկվեն որպես խրախուսանք կամ պատժի միջոց, մինչդեռ մեզ մոտ հակառակն է. լրացուցիչ տեսակցության իրավունքը սահմանված է որպես արտոնություն, ինչն ակնհայտորեն հակասում է Հայաստանի կողմից հռչակված վերականգնողական արդարադատության գաղափարին:
- Հայաստանում երկարատև տեսակցությունները թույլատրելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմն առաջնորդվում է «ամուսին» եզրույթի ամենասահմանափակ մեկնաբանությամբ․ ընդունելի են բացառապես պաշտոնապես գրանցված ամուսնությունները, ինչը բացառում է եկեղեցով ամուսնությունները և քաղաքացիական ամուսնությունները:
- Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների առանց այն էլ ծանր վիճակը էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ընտանիքի հետ կապի պահպանման իրենց իրավունքը լրջորեն խախտվում է անձնական և ընտանեկան կյանք ունենալու իրավունքի բացարձակ ժխտմամբ:
- Հայաստանում նախատեսված չէ անչափահասների տեսակցության հատուկ ռեժիմ, ինչը միջազգային փաստաթղթերի պարտադիր պայման է: Սա հատկապես կարևոր է Հայաստանի դեպքում, քանի որ անչափահասները գտնվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` շատ հաճախ շատ հեռու իրենց բնակության վայրից և ընտանիքից:
- Խնդրահարույց է նաև նյութական աջակցության մեխանիզմների բացակայությունն այն անձանց, որոնք հնարավորություն չունեն այցելելու քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց ազգականներին: Այս առումով Հայաստանում կրկին առավել խոցելի են կանայք և անչափահասները, քանի որ քիչ լինելու պատճառով նրանք տեղաբաշխվում են միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և հաճախ շատ հեռու իրենց բնակավայրերից: Հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց բարեկեցության համատեքստում տեսակցությունների դրական ազդեցությունը և առավելությունները` պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի` ապահովելու կապն երկարատև տեսակցությունների իրավունք ունեցող այն ազգականների հետ, որոնք հնարավորություն չունեն հոգալու իրենց ճանապարհածախսը:
- Տեսակցությունների տրամադրման գործընթացում պետք է բացառվեն կոռուպցիան և արտոնյալների խավի գոյությունը: Անընդունելի է տեսակցությունների անհիմն արգելումը կամ գումարի դիմաց տեսակցությունների տրամադրումը, մինչդեռ նման դեպքեր բազմիցս արձանագրվել են մշտադիտարկում իրականացնող մարմինների կողմից:
- Վերականգնողական արդարադատության առաջնային պահանջներից է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի նկատմամբ անհատական մոտեցման մշակումը: Անհրաժեշտ է ներդնել պատժի կրման ավարտից առաջ կամ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի դեպքում արձակուրդի հնարավորությունը և անվտանգության ռեժիմի աստիճանական թուլացման ընթացակարգ, ինչը լավ հնարավորություն է ամրապնդելու հարաբերություններն ընտանիքի հետ և վերականգնելու համայնքի ներսում կապերը: Անշուշտ, նման այցելությունների տրամադրման ընթացակարգը պետք է հստակ սահմանված և կանոնակարգված լինի` խուսափելու համար թյուրընկալումներից, որ դրանք ընտրողական են տրամադրվում:
- Կարևոր է ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կազմակերպումը` ազատությունից զրկված անձի և այցելուի արժանապատվության հարգման սկզբունքի պահպանմամբ և առանց քրեակատարողական հիմնարկի անվտանգության խաթարման: Շատ հաճախ դատապարտյալները հրաժարվում են երկարատև տեսակցություններից` այցելությունների համար նախատեսված սենյակների ոչ բավարար պայմանների պատճառով: Անգամ, եթե սենյակները պատշաճ կահավորված են, այցելուները փակի տակ են պահվում, չունեն դատապարտյալների բնակության տարածքից դուրս զբոսնելու և մաքուր օդին համատեղ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Մինչդատական կալանքի փուլում մտահոգություն առաջացնող առավել կարևոր խնդիրներն են.
- Ընտանիքի անդամների և ընկերների հետ տեսակցությունների կամայական արգելումը մինչդատական փուլում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, դիտորդական մարմինները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմիցս ընդգծել են, որ մինչդատական կալանքի ընթացքում արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակումները պետք է կիրառվեն միայն բացառիկ դեպքում և պետք է հստակ հիմնավորված լինեն:
- Կալանավորված անձանց ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ, իսկ երկարատև տեսակցություն նախատեսված չէ առհասարակ: Հաշվի առնելով այն փաստը, որ մինչդատական կալանքը կարող է բավականին երկար ժամանակ տևել, այս բացը լրջագույն խնդիր է դառնում, հատկապես, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք դեռևս չեն դատապարտվել և հնարավոր է, որ չդատապարտվեն էլ:
- Ձերբակալվածների պահման վայրերում կարճատև տեսակցությունները տրամադրվում են բաժանարար պատնեշներ ունեցող սենյակներում, որոնք ապահովված չեն պատշաճ հարմարություններով: Առաջինը` բացակայում է անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը. ազատությունից զրկված անձին և այցելուին բաժանում է ապակե պատնեշը: Երկրորդը` տեսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները հաճախ օգտագործվում են այլ նպատակներով (զննություններ, քննչական գործողություններ և այլն) և հասանելի չեն լինում այցելուների համար:
Եվ այսպես, անհրաժեշտ և կարևոր է բացառել արտաքին աշխարհի հետ կապի կամայական արգելման պրակտիկան, երաշխավորել, որ արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը խրախուսվի, ավելացվի տեսակցությունների նվազագույն թույլատրելի քանակը, իսկ սահմանափակումները լինեն պատշաճ հիմնավորված և արդարացի։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։
Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ