Անցկացվեց ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ սիրողական առաջնությունը, որին մասնակցեց պետական ու միջազգային կառույցների, բիզնես ընկերությունների 11 թիմ: Վերջին թիմը հանպատրաստից կազմավորվեց տեղում եւ ընտրեց «Աստղեր» անունը:
Մինչ ռեֆթերը (նավակները) կիջեցվեին Դեբեդ դետը, ծրագրի ղեկավար, Rafting.am մարզական ակումբի նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ողջունեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին ու մասնակիցներին եւ մաղթեց էքստրիմի անսպառ զգացումներ: Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Դավիդ Կացարավան մասնակիցներին մի վերջին անգամ ծանոթացրեց էքստրեմալ այս մարզաձեւի հիմնական կանոններին, որից հետո տրվեց առաջնության մեկնարկը:
Թիմերը Դեբեդի արագահոս ալիքների վրա հաղթահարեցին մոտ վեց կիլոմետր: Արդյունքների ամփոփումից հետո որոշվեց լավագույն եռյակը: Հաղթող դարձավ «Արծիվներ» թիմը, 2-րդ տեղն զբաղեցրեց Համայնքային համախմբման եւ աջակցության, 3-րդը՝ «ՎՏԲ» Հայաստան բանկ թիմը: Նրանք պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով, իսկ փոխանցիկ գավաթը շնորհվեց հաղթող թիմին: Հուշամեդալ եւ շնորհակալագիր ստացան նաեւ բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ ռաֆթինգի անդրանիկ առաջնության կազմակերպմանն աջակցած բոլոր անձինք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրաշալի է 🙂
Ո՜վ կը մտածէր, որ Հայաստանում մի օր rafting կը լինի,,