Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երիտասարդներ,
շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը:
Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման համար:
Ձեզ գործուն դերակատարություն է վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում:
Ձեր հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են, որովհետև դո՛ւք եք զարգացնելու հայրենի մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը և ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Ուստի, երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու և հաջողությունների հասնելու համար:
Սիրելի երիտասարդներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն ու բարօրություն, կամք և նպատակասլացություն: